Երգիչ Բղդոն տեւական դադարի մեջ է: Ինչպես “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նկատեց երգիչը, նա հիմա հանգստանում է երաժշտական ոլորտից, բայց չի դադարել զբաղվել երգով, ուղղակի այս պահին ոչ մի տեսանելի քայլ չի անում:
-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր տեւական լռությունը:
-Երկու տարվա այս լռությունն ինձ պետք էր, որ նորություններ ստեղծենք: Ունեմ պատրաստի գործեր, բայց երբ կներկայացնեմ, դեռ չեմ որոշել:
-Տարիներ առաջ տեսահոլովակներ էիք նկարում, ցուցադրում, հիմա դա էլ չեք անում…
-Երեւի հայկական հիվանդություն կա մեր մեջ, եթե մեկը մի բան է անում, բոլորն ուզում են դրանից անել: Այսօր տեսահոլովակ նկարողները շատ են, բայց թող ժողովուրդն ընտրի՝ ինքն ում է ուզում լսել ու դիտել:
-Չե՞ք մտածում, որ երկար լռելու արդյունքում գուցե Ձեզ մոռանան:
-Ոչինչ, եթե մոռանան, նորից կվերհիշեն: Երբ էլ մի լավ բան մատուցես, լսողներ ու սիրողներ կլինեն, կարեւորը՝ որակով բան անես: Մոռացված ու անտեսված չեմ, բայց մեր ժողովրդի կողմից նման բան կա, եթե երկու օր չեն տեսնում, մտածում են՝ էլ չի երգում: Ախր ամեն շաբաթ նոր երգ չի կարող լինել: 3-4 ամիսը մեկ կարելի է նորություն ներկայացնել:
-Հիմա որեւէ ռեստորանում կամ ակումբո՞ւմ էլ չեք աշխատում:
-Վաղուց եմ հրաժարվել այդ ոլորտներից, մի շրջան էր, աշխատեցի, բայց դրա կողմնակիցը չեմ:
-Կարելի՞ է մտածել, որ ինչ-որ բանից հիասթափված եք:
-Հիասթափված չեմ, սա իմ կյանքն է, ես առանց դրա ինձ չեմ պատկերացնում, բայց պաուզա վերցնելը, հանգստանալը ճիշտ բան է: Ե՛վ լսողները կկարոտեն, ե՛ւ դու հանգիստ կստեղծագործես, կաշխատես: Նոր երգերս պատրաստ են, մնում է, որ մի օր մեջտեղ հանեմ: Ուղղակի հիմա շատ բան է փոխվել:
-Օրինակ ի՞նչը:
-Մեր պատկերացրած երաժշտությունը, հանդիսատեսը… Դրանք այսօր մի քիչ իրարից անկախ են ապրում: Նախկինում մարդիկ գնում էին երաժշտություն վայելելու, իսկ այսօր գնում են համերգ ուղղակի ցույց տալու, որ իրենք էլ եկան: Այսօր այնպիսի երաժշտություն է ստեղծվում, որը կապ չունի արվեստի հետ, ոնց ծնվում է, այնպես էլ մեռնում է:
-Նշեցիք, որ նոր աշխատանքներ ունեք, ինչո՞ւ չեք ներկայացնում:
-Ճիշտ պահը չեմ գտնում, երկրի իրավիճակը թույլ չի տալիս, որ քայլեր անեմ:
-Ի՞նչը նկատի ունեք, տեղեկացվա՞ծ եք երկրում կատարվող իրադարձություններից:
-Իհարկե, հազար անգամ դուրս եմ գնացել, բայց ամեն տեղից էլ ուզեցել եմ փախչել, տուն գալ: Ես վերջին հայը կլինեմ, որ կարտագաղթեմ: Հայաստանում եւ դրսում կատարվող իրադարձություններից էլ տեղյակ եմ, ու լավ հոտ չի գալիս ամբողջ աշխարհից: Այնպես չէ, որ միայն Հայաստանում լավ չէ, աշխարհը խառնվել է իրար, ամեն տեղ էլ խնդիրներ կան:
-Լավ, եթե ռեստորանում չեք երգում, ելույթներ չեք ունենում, ինչո՞վ եք զբաղվում:
-Հիմա մի թեթեւ բիզնես եմ նախագծում, կսկսի աշխատել, կտանք մարդկանց, կզբաղվեն, մենք էլ կանցնենք մեր գործին:
-Ի՞նչ բիզնես:
-Առայժմ թող գաղտնիք մնա: Բայց ասեմ, որ ահագին մարդ կաշխատի մեր բիզնեսում:
-Միայնա՞կ եք հիմնում այդ բիզնեսը, թե՞ այլ սեփականատերեր կան:
-Ես միայնակ եմ մտածում, ստեղծում, իսկ օգնականներ հետո լիքը կլինեն:
-Հե՞շտ է Հայաստանում բիզնես հիմնելը, դժվարությունների առաջ չե՞ք կանգնում:
-Կարող է՝ ուրիշները կանգնում են, ես` ոչ: Ուր գնացել եմ, օգնել են, աջակցել:
-Ծանոթությո՞ւնն է օգնում:
-Չէի ասի ծանոթությունը, ավելի շատ հարգանքը: Մարդ կա, չեմ էլ ճանաչում, բայց որ դիմում եմ, սիրով աջակցում են:
-Ի՞նչ եք մտածում այսօրվա շոու բիզնեսի, երգարվեստի մասին:
-Վատն էլ կա, լավն էլ, բայց դե շատ է ամեն ինչ խառնվել: Ջուր է պղտորվել, չես հասկանում՝ տակն ինչ է մնալու:
-Այնուամենայնիվ, Ձեր վերադարձը սպասվո՞ւմ է:
-Ես չեմ էլ հեռացել, որ վերադառնամ: Որոշ մարդկանց ձեռք է տալիս, որ հեռանամ, բայց, ի տխրություն իրենց, հեռացող չկա:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 649 համար