ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԶՈՒԳԱՐԱՆԱՅԻՆ ՓՆՏՐՏՈՒՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ բարեհաճել էր Ազգային ժողով ժամանել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, որը եկել էր մասնակցելու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին: Ինչպես միշտ, լրագրողների հետ շփման ընթացքում նախարարն աչքի ընկավ իր «կոռեկտությամբ»: Բավականին տարօրինակ էր նաեւ նրա պահվածքը. նախարարն  ապշահար դեմքով այս ու այն կողմ էր նայում, երբ նրան հարցեր էին ուղղում: Ինչպես պարզվեց, պատճառը Յ. Վարդանյանի հրատապ ցանկությունն էր` պարզել ԱԺ զուգարանի տեղը: Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո, երբ լրագրողները փորձեցին նախարարին հարցեր ուղղել, վերջինս պատասխանեց. «Իսկ զուգարանը որտե՞ղ ա, ես զուգարանի տեղն եմ ուզում իմանամ»:  
Պետական պաշտոնյայի պահվածքի մասին բավարար պատկերացումներ չունեցող սպորտի նախարարը զուգարանային իր փնտրտուքներում համառեց` ասելով. «Ես առաջին անգամ եմ այստեղ, լավ, եթե չեք ասում, մեր ընկերոջից պարզեմ» ու դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանին, որն այդ պահին փորձում էր մտնել նիստերի դահլիճ:
Այնուհետեւ լրագրողները խնդրեցին մի քանի րոպե սպասել, չքայլել ու պատասխանել իրենց հարցերին, սակայն Յ. Վարդանյանն անդրդվելի էր, նա արհամարհում էր բոլորին, ու որ հարցն իր «սրտով» էր, պատասխանում էր մի քանի բառով` շարունակելով արագ քայլել: Եվ քանի որ զուգարանի տեղը ցույց տալու «պարտականությունը» ստանձնել էր Վ. Այվազյանը, նա էլ նախարարին «ուղեկցում» էր այնտեղ: Քայլելու ընթացքում նախարարը  պատասխանեց միայն այն հարցին, թե ինչ վիճակում է գտնվում իր որդին. «Ամեն ինչ նորմալ է, եւ ես բացարձակապես անհանգստանալու խնդիր չունեմ»: Վ. Այվազյանն էլ միջամտեց. «Լավ, թողե՛ք, կվերադառնա, կպատասխանի»:
Ինչեւէ. Վ. Այվազյանի զուգարանային  ուղեկցության շնորհիվ Յ. Վարդանյանին հաջողվեց ճողոպրել ու չպատասխանել հարցերին: Նշենք, որ դրանից հետո Այվազյանը նախարարին ուղեկցեց իր աշխատասենյակ ու կարծես «թիկնապահի» դեր ստանձնելով՝ ամեն ինչ անում էր, որ Յ. Վարդանյանը մենակ չմնա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Յ. Վարդանյանի ավագ որդուն՝  29-ամյա Դավիթ Վարդանյանին, ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին թմրանյութ անցկացնելիս: Այժմ նախարարի որդին կալանավորված է:
Ներկայացնում ենք ԱԺ նիստերի դահլիճից զուգարան շտապող Յուրի Վարդանյանի հետ մեր «մարաթոնյան» ճեպազրույցը:
-Պարո՛ն Վարդանյան, Ձեր որդին մեղադրվում է ծանր հանցագործության` առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության մեջ: Հետաքրքրվե՞լ եք, նա իրո՞ք փորձել է թմրանյութ բերել Հայաստան:
-Ասում եմ՝ ոչ մի բան տեղի չի ունեցել:
-Այդ դեպքում ինչո՞ւ են Ձեր որդուն կալանավորել, ինչո՞ւ են մինչեւ այսօր անազատության մեջ պահում:
-Ես արդեն ասացի՝ որեւէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է:
-Վերջերս սկանդալային իրավիճակ ստեղծվեց, երբ պարզվեց, որ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: ՀԱՕԿ-ի գնահատմամբ` ընտրությունը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով: Դուք տեղյա՞կ եք եղել ամբողջ ընթացքին: Ինչո՞ւ, լինելով սպորտի նախարար, չեք կանխել այդ ապօրինությունը:
-ՀԱՕԿ-ի հայտարարության հետ կապված հարցերը տվե՛ք ՀԱՕԿ-ի ղեկավարին եւ Դուք…
-Սակայն Դուք, լինելով սպորտի նախարար, թույլ եք տվել, որ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցկացվեն օրենքի խախտումներով:  Ձեզ են մեղադրում այդ ապօրինի ընտրության համար:
-Բայց ինձ ինչի՞ են մեղադրում, դրանք հասարակական կազմակերպություններ են, իրենք պատասխանատու են իրենց արած յուրաքանչյուր գործողության համար: Իսկ նախարարությունը պետական կառույց է… (քայլելով հեռանում է-Ս. Գ.):
Հ.Գ. Ի դեպ, երեկ՝ նիստի ժամանակ եւս Յուրի Վարդանյանը «փայլեց» իր պահվածքով: Նախարարը բարկացրեց նաեւ նիստը վարող, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանին: Վարդանյանը նախ դժգոհեց, թե ինչու են իր ելույթը կրթության եւ գիտության, սփյուռքի, մշակույթի նախարարների ելույթից հետո լսվում. «Ինչո՞ւ եք ինձ թողնում ամենավերջում»: Դավթյանը պարզաբանեց, որ ըստ հերթականության են լսում նախարարներին: Սակայն Յ. Վարդանյանը շարունակեց պնդել, որ իր հետ այլեւս այդպես չվարվեն. «Սրանից հետո ինձ կգցեք առաջ, որովհետեւ բոլոր գերատեսչությունները սպորտի հետ կապված են», ինչից հետո կրկին արժանացավ Ա. Դավթյանի նկատողությանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս