«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը այս տարվա մարտի 18-ին հրապարակել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանի դիմաց ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել ծեծկռտուք:
Ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր հետ վեճի բռնված երիտասարդներին, որոնց մեջ եղել էր նաեւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը:
Դեպքի վայրում էին նաեւ մարզի դատախազը, քննչական ծառայության ղեկավարը եւ այլ պաշտոնյաներ, սակայն հետագայում քրեական գործ հարուցվեց ոչ թե ծեծողի, այլ Արթուր Գեւորգյանի դեմ, եւ ոստիկանին դիմադրելու համար նա կալանավորվեց:
«Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, սակայն, քրեական գործի ընթացքը փոխվեց, եւ գործն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննում են ոստիկանապետ Ազիզյանի արարքները: Իսկ Արթուրը ազատ արձակվեց:
Ինչեւէ: 4 ամիս տեւած քննությունից հետո հատուկ քննչական ծառայությունը որոշեց արդարացնել Արթուր Գեւորգյանին եւ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճել: Սակայն, ինչպես նկատում ենք, այս միջադեպից հետո ծավալված իրադարձությունների մասով նոր զարգացումներ կան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթուր Գեւորգյանի՝ թմրանյութ օգտագործելու մասով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական բաժնում քննություն է ընթանում: Բանն այն է, որ կալանավորելուց հետո Արթուր Գեւորգյանին ստուգել էին եւ, ըստ ստացած եզրակացության, նա թմրանյութ էր օգտագործած եղել, սակայն Արթուրը ասել է, որ նա երբեք չի օգտագործել եւ չգիտի անգամ դրա օգտագործելու ձեւը:
Նախօրեին մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ Արթուր Գեւոգյանին հրավիրել են քննչական բաժին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: