Փակ շուկայի դեմ պայքարին երեկ միացել էին ավանակները, որոնք կրում էին դեղին գլխարկներ: Երիտասարդները, որոնք ավանակներին բերել էին Մաշտոցի պուրակ, նշում էին, որ այդպիսով իրենք պայքարում են օլիգարխների դեմ եւ ոչ ոքի կողմից չեն:
Հարցին, թե ինչու են դեղին գլխարկներ կրում, երիտասարդները պատասխանեցին, թե պատահական ընտրություն է: Սակայն հայտնի է, որ դեղին գլխարկներով իրենց ակցիաներն են իրականացնում «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները Կարո Եղնուկյանի եւ Գարեգին Չուքասզյանի գլխավորությամբ, ովքեր այդպես էլ «ավանակների» ակցիային չմիացան՝ շուտափույթ լքելով պուրակը:
«Իրենց շարքերը նոսրանում են, դրա համար էլ էշերով են բազմամարդության պատրանք ստեղծում, թե իբր Փակ շուկայի դեմ այսքան պայքարողներ կան: Բայց կենդանիներին ակցիայի մասնակից դարձնելը պատժվում է ՀՀ օրենսդրությամբ, ոստիկանությունը հետեւություն պիտի անի, քաղաքի կենտրոնը ո՛չ կրկես է, ո՛չ էլ կենդանաբանական այգի»,-նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որն այս օրերին մշտապես Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների կողքին է:
«Այդ կենդանիները ոչ մի կապ չունեն «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության հետ: Այս բաները Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների սադրանքներն են»,-մեզ հետ զրույցում հավաստեց «Նախախորհրդարան»-ի անդամ, ակտիվիստ Վարդան Հակոբյանը:
Այսպես կողմերն իրար մեղադրեցին, թե իրենք չեն էշերին բերել Մաշտոցի պուրակ, ու արդյունքում բողոքի ակցիան չկայացավ, եւ էշերը նեղացած հեռացան:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ այգի էին բերվել ոչխարներ ու այծիկներ՝ դարձյալ դեղին գլխարկներով եւ նույն պաստառներով՝ «պայքարում ենք օլիգարխի դեմ»: Իսկ թե ինչքան կձգվի այս կրկեսը, դեռ պարզ չէ:
ԱԿՑԻԱՆ ՉԿԱՅԱՑԱՎ. ԱՎԱՆԱԿՆԵՐԸ ՆԵՂԱՑԱԾ ՀԵՌԱՑԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ