Արդեն տեւական ժամանակ է, ինչ Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց կայանելու համար ինչ-որ մեկը մեքենաներից գումար է գանձում: Փաստը ֆիքսել է մեր ֆոտոխցիկը: Սակայն երբ մոտեցանք այդ մարդուն, նա ոչ միայն չներկայացավ, այլեւ հավաստեց, թե իբր այդտեղ մեկին է սպասում եւ որեւէ այլ բանով զբաղված չէ:
Ավտոկայանատեղին, որը սուպերմարկետի ճիշտ դիմացն է, մեր հավաստի տեղեկություններով, պատկանում է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին «ՍԱՍ»-ի Արտակ):
Երբ զանգահարեցինք «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի գլխամասային գրասենյակ՝ խնդրելով պատասխանել մեր հարցերին, հաշվապահության բաժնի աշխատակից ներկայացած անձը փորձեց միացնել մարքեթինգի բաժին, եւ ողջ օրվա ընթացքում այդպես էլ անհնար եղավ կապ հաստատել այդ բաժնի հետ, քանի որ մեր պարբերական հեռախոսազանգերին պատասխանող չկար:
Փորձեցինք Երեւանի քաղաքապետարանից պարզել, թե ինչու են թույլ տալիս, որ գծանշումներից բացի՝ վարորդներն «անհատ գրպանահատներին» վճարեն: Պարզվեց՝ քաղաքապետարանում կատարվածից անտեղյակ էին: «Սակայն պարբերաբար շրջայցեր են կազմակերպվում ստուգելու ու նման դեպքերը բացառելու նպատակով: Դա դրամաշորթություն է եւ օրենքով պատժելի արարք»,-նկատեց քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը:
Նշենք, որ նոյեմբերի 4-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարեց խստորեն հետեւել մայրաքաղաքում գործող ավտոկանգառների նոր կարգի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներին եւ ապօրինի գանձումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ: Քաղաքապետի հանձնարարությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մեքենա կայանելու համար գանձումներ անելու իրավունք ունի բացառապես «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը, որն ավտոկայանատեղիները, ՀՀ կառավարության N 1281-Ն որոշմամբ, Երեւանում առանձնացրել է կարմիր գծանշումով:
Այսպիսով՝ Արտակ Սարգսյանն ունի ոչ միայն սեփական «ՍԱՍ»-եր, այլեւ սեփական ավտոկայանատեղիներ, որոնք, փաստորեն, ոչ մի օրենքի ու վերահսկողության չեն ենթարկվում:
ԿԱՄԻՐ ԳԾԵՐԸ «ՍԱՍ»-Ի ԱՐՏԱԿԻ ՀԱՄԱ՞Ր ՉԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ