ԼՐԱԳՐՈՂԻՆ ԳԱՂՏՆԱԼՍԵԼ ԵՆ
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է ՔԿՀ վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը, որին որպես վկա դատակոչվել էր մեր գործընկերը` «Առավոտ»-ի լրագրող Ռուզան Մինասյանը: Մեղադրող Արամ Ամիրզադյանը հարցաքննության ժամանակ փորձել է պարզել, թե ինչ է հեռախոսով խոսել լրագրողը ոստիկանության նախկին մի աշխատակցի հետ: Ի պատասխան՝ Ռ. Մինասյանն ասել է. «Դա՞ էլ եք լսել: 23 տարի ես լուսաբանում եմ այս դատաիրավական ոլորտը եւ նման բան չեմ տեսել: Ով գաղտնալսել է, թող նա էլ գա, պատասխանի: Եղել է մասնավոր զրույց, որը չեմ հիշում»:
ՄԱՐՈԶԸ՝ ԱԺ-ՈՒՄ
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր նախագահ Մարգարիտա Խաչատրյանին եւ խորհրդի անդամներին: Հանդիպման վերջում Մ. Խաչատրյանը (Մարոզ) Հ. Աբրահամյանին պարգեւատրել է «Զինվոր հայրենյաց» մեդալով: Թե որն էր Հ. Աբրահամյանի` Մարոզի կողմից զինվորական արժանիքների նման գնահատումը, հայտնի չէ:
ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՍԻՆ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել զորակոչի մասին, որով սահմանված է. «2013թ. դեկտեմբեր-2014թ. հունվար ամիսներին անցկացնել ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր ժամկետային եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: 2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին»:
ՈՐԴԻՆ ՀՈՐԸ ՉԻ ԼՍՈՒՄ
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության երեկվա ակցիային արդեն երկրորդ անգամ որդուն տուն տանելու նպատակով Մաշտոցի պուրակ էր եկել ակտիվիստ Արմեն Ադամյանի հայրը: Իսկ երեկ Անդրանիկ Ադամյանը հերքել է այն տեղեկությունները, թե իրեն Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն են հորդորել որդուն հետ պահել Փակ շուկայի բողոքի ակցիաներից. «Ես արդեն վտանգ եմ զգում, դրա համար եմ նոր գալիս: Չգիտեի, որ էս աշխատանք ա, գործի գալու նման պիտի բոլորը ներկայանան»: Ակտիվիստի հայրը որդուն չի գտել, քանի որ նախաձեռնության անդամներն իրենց երթը երեկ սկսել են Իրանի դեսպանատան դիմացի այգուց: