ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ե՛Վ ՎԻԿԸ, Ե՛Վ ՎԱՆԵՍԸ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի Կորպուս-Քրիստի քաղաքի «American Bank Center»-ում տեղադրված ռինգում կիսաթեթեւ քաշային կարգում վերջապես կկայանա Վախթանգ Դարչինյան-Նոնիտո Դոներ ռեւանշ մենամարտը։ Նույն օրը նույն վայրում առաջին միջին քաշային կարգում WBO աշխարհի չեմպիոնի գոտու համար, որը վերցվել է ռուսաստանցի Զաուրբեկ Բայսանգուրովից, կպայքարեն ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վանես Մարտիրոսյանն ու դարձյալ ԱՄՆ-ն ներկայացնող Դեմիտրիուս Անդրադեն: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Վախթանգ Դարչինյանը ներկայացնում է Հայաստանը։

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
Երեկ կայացան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի հանդիպումները E-H խմբերում. «Բազել»-«Ստյաուա»՝ 1:1, «Չելսի»-«Շալկե-04»՝ 3:0, «Բորուսիա»-«Արսենալ»՝ 0:1, «Նապոլի»-«Մարսել»՝ 3:2, «Զենիթ»-«Պորտու»՝ 1:1, «Ատլետիկո»-«Աուստրիա»՝ 4:0, «Այաքս»-«Սելթիկ»՝ 1:0, «Բարսելոնա»-«Միլան»՝ 3:1։ Բնական է, հայ ֆուտբոլասերներին ավելի շատ հետաքրքրում էր «Բորուսիա»-«Արսենալ» հանդիպումը, քանի որ այնտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը։ Խաղից առաջ «Բուրուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մասնավորապես նշել էր. «Չեմ կարծում, որ նման մակարդակի խաղում ինչ-որ մեկին կարելի է ինչ-որ բանով զարմացնել: Երկու թիմերն էլ փորձելու են իրենց խաղաոճով գործել: Բայց խաղում միշտ լինում են պահեր, երբ ամեն ինչ որոշում են մանրուքները, որոնք կարող են ազդել մրցավեճի ելքի վրա: Բավական է հիշել այն պահի մասին, երբ առաջին խաղում Կասորլայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: «Արսենալ»-ը բոլոր մարզադաշտերում էլ ուժեղ է խաղում: Դիտել եմ, թե անցած մրցաշրջանում «զինագործներն» ինչպես էին խաղում «Բավարիա»-ի հետ` Մյունխենում: Նրանք հիանալի անցկացրեցին խաղավարտը: Այնուամենայնիվ, դիմակայության ճակատագիրը մեր ձեռքերում է: Եթե ցուցադրենք մեր վարպետությունը, ապա լոնդոնցիների համար շատ դժվար կլինի»։

«ՓՅՈՒՆԻԿ»-Ն ՈՒ «ԳԱՆՁԱՍԱՐ»-Ը
Հայաստանի գավաթի 2013/14թթ. խաղարկությունում երեկ կայացան քառորդ եզրափակչի երկու հանդիպումներ՝ «Արարատ»-«Փյունիկ»` 1:2 (առաջին հանդիպումը՝ 1:1) եւ «Ուլիս»-«Գանձասար»` 1:3  (առաջին հանդիպումը՝ 0:0)։ Այսպիսով` արդեն կիսաեզրափակիչ դուրս եկած «Բանանց»-ին եւ «Միկա»-ին միացան «Փյունիկ»-ն ու «Գանձասար»-ը։
Ի դեպ, բարձրագույն խմբի առաջատար «Արարատ»-ը, ինչպես նաեւ Կապանի «Գանձասար»-ը կադրային լուրջ կորուստներ ունեին։ Բանն այն է, որ երկրի առաջնության շրջանակներում այդ թիմերի միջեւ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն որակազրկել էր երկու թիմերի խաղացողների, իսկ ակումբները տուգանվել էին։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս