Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
«Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում, և մենք հետևողականորեն կառուցում ենք գործընկերային հարաբերությունները, ընդ որում, ամենազգայուն ուղղություններով, և միջազգային հարթակում՝ առաջին հերթին հաշվի առնելով ԱՊՀ տարածքը»,- նեղ կազմով ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ Պուտինի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Ի դեպ, ցանկանում եմ շնորհավորել, ես վերանայել եմ անցած տարվա տվյալները: ԵՏՄ-ին՝ Հայաստանի միացումից հետո ձեր ՀՆԱ-ն աճել է 10%-ով»,- ընդգծել է ՌԴ նախագահը:
ՌԴ նախագահի գնահատականով՝ դա դրական ցուցանիշ է: Պուտինը հույս է հայտնել, որ նման դրական միտումը կպահպանվի նաև հետագայում:
Հանդիպման սկզբին ՀՀ նախագահը պատմել է, որ Մոսկվայում աշխատանքային այցի ընթացքում մտադիր է Պուտինի հետ քննարկել երկու պետությունների համագործակցությունն ու կարծիքներ փոխանակել տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ: Սերժ Սարգսյանը նշել է, որ 2016թ. 6 ամսվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 12%-ով: ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան: