ՀԱՐՑ. Եթե վթարի ժամանակ պարզվում է, որ մեղավոր ես, ապա ինչպե՞ս դա կանդրադառնա հաջորդ տարի մեքենան ապահովագրելու ֆինանսական պարտավորության վրա: Հնարավո՞ր է` գումարի փոփոխություն լինի կամ ֆինանսական պահումներ առաջանան հետագա փոխհատուցման ժամանակ:
Համլետ Պետրոսյան (32 տարեկան, առաքիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն օրենքի՝ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել բոնուս-մալուս համակարգը: Ըստ ավտոապահովագրողների բյուրոյի կանոնների` այն վարորդներին, որոնք նախորդ 270 օրվա ընթացքում չեն եղել ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր, եւ ապահովագրողը դրա արդյունքում չի ընդունել որոշում վնասի հատուցման վերաբերյալ, կտրամադրվի ապահովագրավճարի 3%-ի չափով զեղչ: Հակառակ դեպքում, եթե վարորդը եղել է ՃՏՊ-ի մեղավոր, եւ ապահովագրողը վնասի հատուցման որոշում է կայացրել, զեղչ չի տրամադրվում:
«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե վարորդը ՃՏՊ-ի մեղավոր է, նրան որեւէ զեղչ չի հատկացվի: Սփոփիչ է այն հանգամանքը, որ մեղավոր լինելու դեպքում ստիպված չի լինի ավել գումար վճարել: