Նշանավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ դե Նիրոն ծնվել է 1943թ. օգոստոսի 17-ին: Նրա նախնիներն ԱՄՆ են գաղթել Իտալիայից: Հայրը` Ռոբերտ դե Նիրո ավագը, հայտնի քանդակագործ ու նկարիչ էր: Մայրը` Վիջինիա Ադմիրալը, բանաստեղծուհի էր: Նրանց ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Ռոբերտ դե Նիրո կրտսերը: 3 տարի անց դե Նիրոյի ծնողներն ամուսնալուծվում են:
Դերասանի մանկությունն անցել է Մանհեթենի Գրինվիչ-Վիլիջ շրջանում, որը երկար տարիներ համարվում էր Նյու Յորքի գեղարվեստական և արտիսիտիկ բոհեմիայի բնակավայր:
Սպիտակ մաշկ ունենալու պատճառով նրան անվանում էին «Բոբբի-Կաթ»: 10 տարեկանում խաղում է առաջին դերը «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական բեմադրության մեջ՝ հանդես գալով առյուծի կերպարով:
Մի քանի տարի ընդհանուր կրթությամբ դպրոցում ուսանելուց հետո Ռոբերտ դե Նիրոն տեղափոխվում է սովորելու Նյու Յորքի Ֆիորելո Լա Գարդիայի անվան երաժշտության, արվեստի և կատարողական վարպետության բարձրագույն մասնավոր դպրոցը, որտեղ սովորել է նաև Ալ Պաչինոն:
Ռոբերտ դե Նիրոյի խաղացանկը հասնում է մոտ 80 ֆիլմի: Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի սիրելի դերասանն է ու խաղացել է նրա շատ ֆիլմերում: Առավել նշանավոր ֆիլմերն են «Կնքահայրը 2», «Տաքսու վարորդը», «Վերջին մագնատը», «Եղնիկների որսորդը», «Կատաղած ցուլ», «Խոստովանության գաղտնիքները», «Մի անգամ Ամերիկայում», «Անձեռնմխելիները», «Կատաղած շունը և Գլորիան» և այլն: