Արդեն մի քանի ամիս է, ինչ Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի կառավարիչը «ՎՏԲ Հայաստան» բանկն է, սակայն անհասկանալի պատճառներով ֆինանսական այդ կառույցը խուսափում է բարձրաձայնել այդ մասին: Գուցե այդպես էլ հանրության լայն շրջանակները չիմանային այդ մասին, եթե այս ամսվա սկզբին 49-ամյա Արմենը հենց գործարանի մուտքի մոտ չմահանար:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հոկտեմբերի 31-ին «Միկա ցեմենտ»-ի աշխատակից Արմենը գնացել էր գործարան եւ պահանջել իր 5 ամսվա չստացած աշխատավարձը: Գործարանի տնօրինությունը հրաժարվել էր այն վճարել՝ նշելով, թե չկա, ու չեն էլ կարող տալ: Պատասխանը զայրացրել էր Արմենին, եւ նա դուրս էր եկել: Այդ ընթացքում նրան էր զանգահարել կինը եւ հետաքրքրվել` արդյոք ստացել է աշխատավարձը, քանի որ «շտապ փող է հարկավոր եղել»: Արմենը, իր ընկերների ներկայությամբ խորը հոգոց հանելով, ասել էր, թե փող չկա: Կնոջ հետ խոսելուց անմիջապես հետո գործարանի մուտքի մոտ 49-ամյա տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր. նա սրտի կաթվածից տեղում մահացել էր: Եվ միայն մահից հետո էր «Միկա ցեմենտ»-ի տնօրինությունը փոխանցել Արմենի աշխատավարձը:
Հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ը ստացավ ահա այսպիսի հերքման տեքստ. ««Միկա ցեմենտ» ՓԲԸ-ի աշխատող Արմենը սրտի կաթված չէր կարող ստանալ իրեն չվճարված 5 ամսվա աշխատավարձի պատճառով, քանի որ «Ցեմենտ սերվիս» ընկերությունն իր աշխատողների հանդեպ չունի 5 ամսվա չվճարած աշխատավարձի պարտավորություն: 2013 թվականի հունիս ամսվանից ընկերության սեփականատեր է հանդիսանում «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ն, ուստի Միխայիլ Իվանի Բաղդասարովը որեւէ առնչություն չունի ընկերության հետ»:
Պարզվում է, որ գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող նաեւ այս ձեռնարկությունն է «գրավի տակ» մնացել: Ինչպես հպարտությամբ նշել են բանկի աշխատակիցները պաշտոնական կայքէջում, «Միկա ցեմենտ» գործարանի աշխատանքը վերականգնվել է` շնորհիվ «ՎՏԲ Հայաստան» բանկի կողմից ստացված ֆինանսավորման: Թե ինչ ֆինանսավորման մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, բայց որ կոնկրետ Հրազդանի բնակիչ Արմենը կաթված է ստացել աշխատավարձի ուշացման պատճառով, գրեթե անհերքելի իրողություն է: Հետեւաբար հարց է առաջանում, թե ինչ առաջնահերթությամբ է որոշվել գումարների բաշխումը:
«Ժողովուրդ»-ը փորձեց գործարանի շուրջ ստեղծված սկանդալային պատմությունների վերաբերյալ պարզաբանում ստանալ «ՎՏԲ Հայաստան» բանկից՝ մասնավորապես նկատի ունենալով Արմենի դժբախտ պատմությունը, որի համար 5 ամսվա աշխատավարձը ճակատագրական եղավ: Բանկի լրատվական բաժնի պատասխանատու, Նորա ներկայացած անձնավորությունը նախ պահանջեց, որ մեր հարցերը գրավոր ուղարկենք: «Ժողովուրդ»-ը գրավոր ներկայացրեց հարցերը: Ավելի ուշ բանկի լրատվական ծառայության աշխատակիցը խնդրեց սպասել, չհրապարակել որեւէ տեղեկություն՝ պատրաստակամություն հայտնելով պատասխանել մեր բոլոր հարցերին: Ընդառաջելով նրա խնդրանքին՝ սպասեցինք 2 օր: Երեկ, երբ փորձեցինք պարզել, թե ինչու է ուշանում բանկի պատասխանը, Նորան բավական կտրուկ ասաց, թե որեւէ բան չունեն մեկնաբանելու եւ վերջ:
Ահա այսպիսի անպատասխանատու վերաբերմունք սեփական աշխատանքի նկատմամբ: Այս պատասխանը լավագույն ապացույցն էր այն իրողության, թե ինչ արժե մարդու կյանքն այս բանկի համար: Ու այսքանից հետո թերեւս մնում է օրինաչափ համարել, որ անմարդկային հերթերն ու աշխատանքային քաշքշուկն այս բանկում նվազագույն հարվածն է, որ կարող է «ՎՏԲ»-ն հասցնել մարդուն: Ավելին, կարելի է ենթադրել, որ խուսափողական մոտեցմամբ բանկը հասկացնել տվեց, որ ընդունում է իր մեղքը:
Այնուամենայնիվ, ի՞նչ է կատարվում բանկի եւ «Միկա ցեմենտ»-ի շուրջ: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ գործարանի նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանից, որին թեեւ Միխայիլ Բաղդասարովն ամիսներ առաջ հեռացրել էր աշխատանքից, սակայն նա շարունակում էր աշխատել տնօրենի պաշտոնում նաեւ «ՎՏԲ» բանկի ղեկավարման օրոք:
-Տիկի՛ն Մարտիրոսյան, ո՞վ է Ձեզ հեռացրել աշխատանքից եւ ինչո՞ւ:
-Դա հիմա ի՞նչ կարեւոր է, թե ով է հեռացրել: Հեռացրել են ու վերջ:
-Միգուցե Ձեզ համար կարեւոր չէ, բայց մենք ուզում ենք պարզաբանել, թե ինչ է կատարվում իրականում:
-Գործարանի լիազոր կառավարիչը «ՎՏԲ» բանկն է, եւ ես այլ բան չեմ կարող ասել,-նշեց նա՝ անջատելով հեռախոսը:
«ՎՏԲ» ԲԱՆԿՆ ԸՆԴՈՒՆՈ՞ՒՄ Է ԻՐ ՄԵՂՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ