ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գործող 46 ընկերությունների աշխատակիցներ դեմ են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի «պարտադիր» բաղադրիչին: Ստեղծվել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնություն, որի անդամները բաց նամակ են ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, նախարարություններին, Ազգային ժողովին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Նշենք, որ պետությունը երաշխավորում է կուտակային վճարների վերադարձը` հաշվի առնելով տարեկան գնաճը: Սակայն նախաձեռնության անդամները, որոնց մեջ կան նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի աշխատողներ, այդքան էլ համոզված չեն դրանում: Նրանք չեն հավատում, որ պետությունն այդ գումարները մի օր հետ կվերադարձնի:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործի կենսաթոշակային նոր բազմաստիճան համակարգ, ըստ որի՝ 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիները թոշակային տարիքի անցնելուց ոչ թե թոշակ են ստանալու բաշխողական կամ սերունդների համերաշխության սկզբունքով, այլ ըստ կուտակային սկզբունքի՝ ելնելով այն բանից, թե  որքան են նրանք կուտակել աշխատանքային տարիներին: Ըստ նոր համակարգի` եթե աշխատավարձը չի գերազանցում 500 հազար դրամը, ապա աշխատողը յուրաքանչյուր ամիս կուտակում է աշխատավարձի 5 տոկոսի չափով, նույնքան գումար էլ ապագա թոշակառուի հաշվին հատկացնում է պետությունը: Իսկ եթե աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, ապա աշխատողն ու պետությունը միասին թոշակային հաշվին փոխանցում են 10-ական տոկոս:
Հայաստանում գործող 46 ընկերությունների ներկայացուցիչներ, դեմ արտահայտվելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` «պարտադիր» բաղադրիչին, մտահոգված են, որ այն խիստ բացասական եւ կործանարար հետեւանքներ կունենա: Նախաձեռնության անդամները պահանջում են կատարել հետեւյալ երկու փոփոխությունները.
1) Տարիքային շեմը փոխարինել 1974թ.-ից 1996թ.-ով: Բազում ընտանիքներ, որոնց առաջնային խնդիրն է լուծել ներկայիս սոցիալական խնդիրները, չեն կարող լրացուցիչ գումար տրամադրել` լուծելու խնդիրներ, որոնք կարող են ծառանալ տասնյակ տարիներ անց: Պարտադիր մասնակցությունը խիստ վնասում է գործող օրենքի թիրախային տարիքային խմբերին, որոնք այսօր ունեն վարկեր եւ այլ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, քանզի կուտակային թոշակային վճարները կատարելու դեպքում հնարավոր չի լինի մարել վարկերը եւ լուծել ընթացիկ կենսական խնդիրները: Առաջարկվող տարիքային խումբը, ում 18 տարեկանը կլրանա 2014թ. հունվարի 1-ից հետո, զերծ կմնա ընթացիկ աշխատանքային պայմանների վատթարացման ռիսկերից:
2) Աշխատակցի մասնակցությունը չգերազանցի զուտ աշխատավարձի 2.5%-ը, բայց ոչ ավելի, քան 25.000 ՀՀ դրամ: Հաշվի առնելով առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի ներկայիս տեմպերը` գործող օրենքով պահանջվող հատկացումների իրական տոկոսադրույքը ահռելի բեռ է ընտանեկան ընթացիկ բյուջեի վրա: Նախաձեռնության անդամները համոզված են, որ այս խնդրի դրական լուծումը կկանխի ոչ միայն արտագաղթը, այլեւ ստվերային աշխատավարձերի զանգվածային աճը:
«Ալտակոդ» ՍՊԸ-ի աշխատակից Արման Մխիթարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թերահավատ է ծրագրի գործունեության վերաբերյալ. «Մենք բոլորս համոզված ենք, որ այս պետությունը, կոնկրետ այս իշխանությունները ժամանակ առ ժամանակ ստեղծում են ինչ-որ մի փաթեթ, որը մի քանի տարի հետո գոյություն չի ունենալու: Կոնկրետ ես այս իշխանություններին համարում եմ ոչ լեգիտիմ, այդ իսկ պատճառով նրանց ցանկացած ընդունած օրենքը կամ իրավական ակտն ինձ համար հակաիրավական է: Օլիգարխների կողմից կայացված որոշումը չեմ համարում նորմալ»:
Իսկ «Դամարիս ԱՄ»-ի ներկայացուցիչ Սիրանույշը հայտարարեց, որ մարդիկ վստահ չեն, թե այդ գումարները հետագայում իրենց հետ կվերադարձվեն. «Թե չէ ծրագիրը լավն է: Միայն վստահություն չկա: Պետությունը հետ կվերադարձնի, թե ոչ՝ սա է հիմնական խնդիրը»:
«Սոնիքս Արմենիա հոլդինգս»-ի աշխատակից Արթուրից տեղեկացանք, որ աշխատակիցների գերակշռող մասն օրենքի «պարտադիր» բաղադրիչին է դեմ արտահայտվել. «Անընդունելի է այն, որ բոլորի համար պարտադիր է: Հույս ունենք, որ ինչ-որ փոփոխություն կլինի»:
Ի դեպ, 957 մարդ արդեն հասցրել է դեմ արտահայտվել «պարտադիր» բաղադրիչին: ՀՀ վարչապետին եւ մյուս պաշտոնյաներին ուղարկված նամակը ստորագրել են հետեւյալ ընկերությունները. «Ալտակոդ» ՍՊԸ, «Առվեստ քոմունիքեյշնս քորփորեյշն», «Ավատա սոֆթ» ՍՊԸ, «ԱրդԻննոՏեխ», «Բի2» ՍՊԸ, «Գալլարի սիսթեմս», «Դամարիս ԱՄ», «Էլ-Թի-Իքս Քրիդենս Արմենիա», «Էներջայզեր գլոբալ սերվիսիզ», «Էսենշլ սլյուշնս» ՍՊԸ, «Էփիջի Արմ» ՍՊԸ, «Ինտեգրատոր» ՍՊԸ, «Լուգերա եւ Մակլեր» ՍՊԸ, «Հայկական ծրագրեր» ՍՊԸ, «Մակադամիան ԱՌ», «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն, «Հայաստան» հիմնադրամ, «Մուշ Թեքնոլոջիս» ՍՊԸ, «Նաիրի սոֆթ ինք» «Հայաստանյան մ/ճ», «Պեգաս լոջիք» ՍՊԸ, «Ռուտել» ՍՊԸ, «Սի-Էֆ-Էլ», «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ մ/ճ», «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, «ՍիՔյուՋի», «Սոնիքս Արմենիա հոլդինգս» եւ այլն:
Նշենք, որ երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից պարզել, թե ինչ ընթացք է ստացել 46 ընկերությունների աշխատակիցների նամակը: Սակայն մամլո խոսնակը խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր հարցերին, որից հետո անհետ կորավ:
Հ.Գ. ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունն առաջիկայում խորհրդակցություններ է սկսելու ԱԺ մյուս խմբակցությունների հետ՝ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքի հարցով արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս