ԱԺ ՀՀԿ խմբակցությունում կանացի կրքերը երեկ հասել էին գագաթնակետին: Հանրապետականի կին պատգամավորներն իրար հետ պարբերաբար վիճաբանում էին` փորձելով պարզել, թե ով է «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տպագրված լուրի «պատվիրատուն»` ինֆորմացիոն արտահոսքի հեղինակը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ մեր լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Լատինական Ամերիկայի երկրներ պաշտոնական այցից առաջ կին պատգամավորների մեջ մրցավազք է սկսվել, թե իրենցից ով պետք է ընդգրկվի պատվիրակության կազմում. նրանք բողոքել են, որ արտերկիր մշտապես մեկնում են Կարինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանը, այնինչ իրենք եւս ցանկանում են շրջագայել. ամենաակտիվ դժգոհողը եղել է Ռուզան Մուրադյանը, որն ասել է՝ եթե ինքն ուսուցչուհի է եղել, ոչ թե քաղաքական գործիչ, չի նշանակում, որ պիտի իրեն անտեսեն, պատվիրակություններում չընդգրկեն:
Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ՀՀԿ-ի կանայք ԱԺ միջանցքում ակտիվ լեզվակռվի բռնվել. Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Կարինե Պողոսյանը, Ռուզան Մուրադյանն ու Շուշան Պետրոսյանը փորձում էին իրար մեջ պարզել, թե «ումից է դուրս եկել ինֆորմացիան»: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականներն իրենք իրենց պահվածքով երեկ, ըստ էության, հաստատել են մեր լուրի ճշմարտացիությունը:
Բայց միմյանց միջեւ հաշիվներ պարզելը միայն այսքանով չի ավարտվել. մի փոքր ավելի ուշ լրագրողներից մի քանիսի աչքի առաջ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել` այս անգամ Մ. Եսայանի ու Կ. Աճեմյանի միջեւ: Սկզբում նրանք ցածրաձայն են խոսել, հետո Աճեմյանը բարձրաձայն ասել է. «Քո ընկերուհիներն են գրել, ուրեմն մի բանից դժգոհ ես, որ գրել են»: Եսայանը հակադարձել է հերքումով: Աճեմյանն էլ շարունակել է. «Մի հատ ձայնդ մի՛ բարձրացրու, իյա… նոր եք եկել, մի քիչ աշխատե՛ք, հետո»: Նրանց վիճաբանությանը միջամտել են ԱԺ լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանն ու ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, բայց ապարդյուն. կանայք շարունակել են լեզվակռիվը: Ավելի ընդլայնված կազմով խոսակցությունը տեղափոխվել է նաեւ ԱԺ բուֆետ. ընդմիջման ժամին հաց ուտելիս նրանք շարունակել են այդ թեման քննարկել՝ կրկին «մատնիչներ» փնտրելով:
Երեկ տեղի ունեցած միջադեպը, սակայն, կարելի է համարել վաղուց սպասված երեւույթ, իսկ մեր թերթի հրապարակումն ընդամենը եղել է իրար հանդեպ կուտակված ատելությունն ու նախանձը ի ցույց դնելու առիթ: Կ. Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ինքն արդեն 5 տարի պատգամավոր է եւ երբեք գործուղման մեկնելու խնդիր առաջ չի քաշել. «Ու բոլորը կարող են մոնիթորինգ անցկացնել ու տեսնել, թե ով որտեղ է գնում, ինչքան է գնում եւ դրա արդյունավետությունը: Ու համարում եմ, որ ԱԺ նախագահն է որոշողը: Ես տեղեկացել եմ այն ժամանակ, երբ կազմում ընդգրկված եմ եղել ու շատ շնորհակալ եմ պարոն Աբրահամյանից դրա համար: …Առաջներում նման խոսակցությունները շատ քիչ են եղել, ու ցավում եմ, որ հիմա նման խոսակցություններ են տարածում»:
Այս գումարման խորհրդարանի Հանրապետական խմբակցության կին պատգամավորների լարված հարաբերությունների մասին վաղուց ի վեր գիտեն բոլորը` ե՛ւ ԱԺ պատգամավորները, ե՛ւ աշխատակազմը, ե՛ւ լրագրողները: Պատգամավորուհիներն առիթը բաց չեն թողնում սրա-նրա մոտ միմյանցից բամբասելու կամ միմյանց դեմ «դեմարշներ» կազմակերպելու համար: Նրանց մրցավազքը դրսեւորվում է ոչ միայն պատվիրակություններում ընդգրկվելու, այլեւ Հովիկ Աբրահամյանի այցերի ժամանակ նրա կողքին կանգնելու, նրա կողքից քայլելու, իսկ հարցազրույցների ժամանակ էլ ԱԺ նախագահի թիկունքում հայտնվելու եւ լուսանկարվելու հարցում: Ուշադիր հեռուստադիտողները կարող են նկատել, թե ինչպես են պատգամավորուհիներն Աբրահամյանի թիկունքից սահուն հեռացնում «մրցակցին» ու գրավում նրա տեղը, եւ այդպես մի քանի անգամ:
Կանացի այդ մրցավազքը ՀՀԿ-ական պատգամավորների համար դարձել է սրախոսությունների եւ անեկդոտների առիթ: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ական տղամարդ պատգամավորները պնդում են, որ իրենց խմբակցության կանանց ԱԺ միջանցքներում տեսնելիս հաճախ ստիպված են թեքել ճանապարհը, քանի որ գիտեն` հանդիպելու դեպքում ստիպված են լսել մյուս գործընկերուհիների մասին բամբասանքների շարանը: Այս հարցում, թերեւս, բացառություն է ՀՀԿ-ական Մարինե Մարաբյանը, որը գրեթե չի շփվում գործընկերների հետ եւ աշխատում է շատ աննկատ` առանց աչքի ընկնելու: Իսկ ՀՀԿ-ականներ Հերմինե Նաղդալյանը, Ռուզան Մուրադյանն ու Կարինե Պողոսյանն ԱԺ-ում իրարից անբաժան են. նրանք երեքով մտնում են ԱԺ դահլիճ, դուրս գալիս այնտեղից, ճաշում իրար հետ եւ այսպես շարունակ: Բայց սա չի խանգարում, որ այս եռյակը չսիրի մնացած բոլոր գործընկերուհիներին, իսկ մյուս 5 գործընկերուհիներից ամեն մեկն էլ նախանձի ու ատի մյուսներին:
ՀՀԿ-ական պատգամավորուհիների այս պահվածքը, սակայն, հիշեցնում է հայտնի ռեժիսոր Կուստուրիցայի «Անդերգրաունդ» ֆիլմի հատվածը, երբ ֆաշիստական զորքերն օկուպացնում են Հարավսլավիան, ռմբահարում Բելգրադը, իսկ գլխավոր հերոսներից Պոպարան անվրդով շարունակում է իր նախաճաշը: Այսօր Հայաստանն օր օրի դատարկվում է, արտագաղթն ինն ամսվա մեջ կազմել է 122 հազար, աղքատության ցուցանիշը չի իջնում 35 տոկոսից, գրեթե ամեն օր մի նոր փոքր ու միջին ձեռնարկություն է փակվում, իսկ ՀՀԿ-ական կանայք զբաղված են իրարից բամբասելով, իրար հետ վիճելով, գործուղումների մեկնելու մրցավազքով եւ ԱԺ նախագահի աչքը մտնելու գործով:
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ