ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանի ղեկավարած ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միայն 872 հազար դրամ կամ մոտ 2 հազար դոլար է ծախսել նախարարությունը վերակահավորելու համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ քաղաքաշինության նախարարությունը միայն մեկ աթոռի համար վճարել է 30 հազար դրամ, իսկ ղեկավարի բազկաթոռի համար` 58 հազար դրամ: Այս նախարարության պահարաններն արժեն 170 հազար եւ 150 հազար դրամ: Գնել են նաեւ գրասեղան, համակարգչի մոտ նստելու աթոռներ եւ այլն: Նշենք, որ այդ ամենը գնվել է «Սոնա կահույք» ՍՊԸ-ից: Փաստորեն, չնայած երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակին՝ արդեն անգամ ամենապոպուլիստական կուսակցության համբավ ունեցող ուժի ներկայացուցիչ նախարարն է շռայլում պետական միջոցները՝ վերակահավորման վրա գումար ծախսելով պետբյուջեից: Հավելենք, որ այս նախարարը համարվում է խոշոր գործարար, նա տարիներ ի վեր լամինատի ներկրմամբ է զբաղվում ու թերեւս կարող էր շռայլություններ թույլ տալ ոչ թե պետբյուջեի, այլ իր գրպանի հաշվին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ