ՉԻ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից պարզել՝ արդյոք թանկանալու է նաեւ միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձը: «Միջքաղաքային, միջմարզային տրանսպորտը չի թանկանալու»,-վստահեցրեց նա: Հարցին, թե միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձը եւս չի թանկանալու, նախարարը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, որ Երեւանի տրանսպորտը կթանկանա»: Այդ դեպքում հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս է ստացվում, որ հնարավոր է միջմարզային տրանսպորտի ուղեվարձը չթանկացնել, բայց անհնար է Երեւանի տրանսպորտի գինը նույնը թողնել, եթե դրանք ֆունկցիոնալ առումով նույն «դերն» են կատարում:
ԿԿՌՎԵՆ, ԿԲԱՐԻՇԵՆ
Նախօրեին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ շաբաթվա վերջին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է պաշտոնական այցով մեկնի Լատինական Ամերիկայի երկրներ, իսկ ՀՀԿ կանայք միմյանց դեմ պայքար են սկկել, որպեսզի իրենք եւս շրջագայեն պետության հաշվին: Ու արդեն երկու օր է՝ ՀՀԿ կանայք ԱԺ միջանցքում եւ իրենց սենյակներում միմյանց հետ վիճաբանում են, թե ով է արժանի, որ ԱԺ նախագահի հետ մեկնի գործուղման: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից պարզել՝ արդյոք իրենք չեն հոգնել իրենց կուսակից կանանց կռիվներից: «Ես չեմ կարծում, որ ՀՀԿ կանայք կռվում են, ՀՀԿ կանայք շատ համերաշխ են, ու հետո էլ, կանանց վարքագիծը ես չեմ քննարկում»,-ասաց Շարմազանովը: Երբ հիշեցրինք, որ ՀՀԿ կանայք անգամ ԱԺ միջանցքում էին վիճաբանում՝ բոլորի աչքի առաջ, Էդ. Շարմազանովը չկարողացավ խուսանավել: «Դե կանայք են, կկռվեն, կբարիշեն, թեթե՛ւ տարեք»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:
ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
Ինչպես տեղեկացրել էինք, Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված զինվորներից Ռազմիկի եւ Արշակի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 358-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (զորամասում հրամանատարին ծեծելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) եւ 258-րդ հոդվածի առաջին մասով (խուլիգանությունը):
Երեկ Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Դավիթ Մարկոսյանի նկատմամբ եւս քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Դավիթը: «Եկան հոսպիտալ, հարցաքննեցին ինձ ու ասացին, որ իմ նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել»,-մանրամասնեց զինվորը՝ հավելելով, որ իրեն երկուշաբթի օրը կտեղափոխեն Նուբարաշենի հոգեբուժարան:
Այսպիսով՝ անհասկանալի հանգամանքներում հոսպիտալում դաժան ծեծի ենթարկված զինվորները նաեւ կազատազրկվեն: