ՀԱՂԹԵԼ Է ՀԱՅՈՒՀԻՆ
Սիմֆերոպոլում կայացել է «Ղրիմի գեղեցկուհի-2013» մրցույթը, որում հաղթող է ճանաչվել 11-րդ դասարանի աշակերտուհի, հայուհի 16-ամյա Արեւիկ Ոսկանյանը: Նա ակտիվորեն մասնակցում է հայկական մշակույթի եւ ավանդույթների հետ կապված միջոցառումներին: Հպարտանում է իր հայ լինելով, ցանկանում է արժանիորեն ներկայացնել իր ժողովրդին: Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Ղրիմի ակադեմիական ուկրաինական երաժշտական թատրոնում: Եզրափակչին մասնակցել են 16-25 տարեկան 18 գեղեցկուհիներ, որոնք ներկայացրել են Ղրիմի 8 ազգերին` ուկրաինացիներ, ռուսներ, թաթարներ, գերմանացիներ, հույներ, չեխեր, հայեր եւ բուլղարացիներ: Մասնակիցները ներկայացրել են ազգային սովորույթները պարային բեմադրությունների տեսքով, ինչպես նաեւ հանդես են եկել ազգային տարազներով:
ԲՐՈՒՔԼԻՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ արված հայուհու լուսանկարը ներկայացվել է Նյու Յորքի Բրուքլինյան թանգարանի ցուցահանդեսում, որը կրում է «Պատերազմ. լուսանկարներ. ռազմական բախումների ու դրանց հետեւանքների պատկերներ» անվանումը: Ցուցադրվել է 255 լուսանկար ողջ աշխարհից վերջին 166 տարում տեղի ունեցած պատերազմների մասին: Լուսանկարներից մեկը պատկանում է Ալեքսանդրա Ավագյանին, որը նա նկարել է 1992թ.: Դրանում պատկերված է կին մանկան հետ միասին: Վերնագրում ասվում է. «Լ. Ա.-ին ադրբեջանցի զինվորները տանջել ու բռնաբարել են 4-ամյա որդու աչքի առաջ: Նրան փրկել են հայ զինվորները: Լեռնային Ղարաբաղ»: Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներն արվել են զինվորական լուսանկարիչների, լրագրողների, նկարիչների ու սիրողական հեղինակների կողմից, որոնցից շատերը Պուլիտցերովյան մրցանակի դափնեկիրներ են:
ՈՍԿԵ ԵՂԵՎՆԻ
Ճապոնիայում վաճառքի են հանել մաքուր ոսկուց պատրաստված 5 մլն դոլար արժողությամբ եղեւնի: Շուրջ 2.4 մետր բարձրությամբ եղեւնու պատրաստման վրա ծախսվել է մոտ 43 կգ թանկարժեք մետաղ: Այն ստեղծել է «Թանակա Կիկինձոկու» ոսկերչական ընկերությունը: Եղեւնին զարդարված է խաղալիքներով, որոնք պատկերում են Միկի մաուսին, նրա ընկերուհուն` Մինիին, եւ Դոնալդ Դաքին: «Միլիոնատերերի համար եղեւնին» իր գնորդին կգտնի դեկտեմբերի 25-ին Գինձադո թաղամասում գտնվող ոսկերչական ընկերությունում: «Թանակա Կիկինձոկու»-ն առաջին անգամը չէ, որ Սուրբ Ծննդյան տոներին թանկարժեք իրեր է առաջարկում: Օրինակ` 2007-ին ընկերությունը վաճառքի էր հանել մաքուր ոսկուց պատրաստված Ձմեռ պապի 20-կիլոգրամանոց արձանիկ: