Հայաստանի պատվիրակությունն ինքնագլո՞ւխ է մեկնել քոչվորների փառատոնին. ո՞վ է պատասխանատուն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի Հայաստանի Հանրապետությունը հրավեր է ստանում մասնակցելու «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին: Այս տարվա հրավերի առնչությամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցելու սեպտեմբերի 3-8-ը Ղրղզստանում անցկացվող «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին: Սակայն պարզվում է` պաշտոնական հայտարարությունը որեւէ արժեք չունի:

«Ժողովուրդ» օրաթերթն անակնկալի եկավ, երբ ղրղզական կայքում այդ խաղերի բացման արարողության տեսանյութում տեսավ նաեւ հայկական պատվիրակությանը` հպարտ ու անսասան կեցվածքով, այդ խաղերում հաղթանակած վերադառնալու պատրաստակամությամբ: «Ժողովուրդը» փորձեց պատասխանատու գերատեսչություններից պարզել, թե ինչպես են մեր մարզիկները հայտնվել «քոչվորների» փառատոնին, այն դեպքում, երբ եղել է պաշտոնական հայտարարություն այդ միջոցառմանը չմասնակցելու մասին:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանի միջոցով ստացանք նախարար Գաբրիել Ղազարյանի մեկնաբանությունը:

-Պարո՛ն Ղազարյան, Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանից պատվիրակություն է մասնակցում «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին:

-Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում այդ խաղերին:
Ի հերքումն նախարարի այս հայտարարության՝ «Ժողովուրդը» ուղարկեց այդ մասին փաստող նկարներ, որոնք վառ ապացույցն են մեր երկրի մասնակցության:

Նկարները տեսնելուն պես նախարարի մամլո խասնակ Աստղիկ Մարտիրոսյանը խոստացավ, որ կզբաղվի այդ հարցով եւ կփորձի պարզել, թե ովքեր են նկարում եղած մարզիկները, որոնք ներկայացնում են Հայաստանն այդ խաղերին:
Թե ովքե՞ր են տեսանյութում երեւացող մարզիկները, որոնք այս օրերին մասնակցում են այդ «քոչվորական» փառատոնին, փորձեցինք տեղեկատվություն ստանալ նաեւ ՀԱՕԿ-ից: Պարզվեց՝ օլիմպիական կոմիտեն եւս անտեղյակ է այդ փառատոնից.

-Պարո՛ն Ռոստոմյան, Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանը մասնակցում է «Քոչվորների համաշխարհային խաղեր փառատոնին»:

-Ես այդ մրցույթներից տեղյակ չեմ, մենք նման բաների չենք մասնակցում: Մենք միայն «Միջազգային օլիմպիական կոմիտեի» կողմից կազմակերպվող մրցույթներին ենք մասնակցում: Ո՞նց էր այդ մրցույթի անունը:

-«Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոն:

-Դա ինձ ոչ մի բան չի հուշում:

Հավելենք, որ ադրբեջանական կայքերում վայնասուն է բարձրացվել հայ մարզիկների մասնակցության առնչությամբ:

Ի պատասխան մեր հրապարակման, սպորտի և երիտասարդության նախարարությունից պարզաբանեցին հետևյալը.

«Արձագանքելով մամուլում շրջանառվող հրապարակումներին` հարկ ենք համարում նշել, որ Ղրղզստանում մեկնարկած Քոչվորների համաշխարհային խաղերին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացված չէ: Այդ մասին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պաշտոնական նամակով (27.07.2016թ.) տեղեկացրել է խաղերի քարտուղարության մարզական համակարգող Բելեկ Ուսենբեկովին: Միաժամանակ հայտնում ենք, որ խաղերի կազմակերպիչները դիմել են նաև ՀՀ առանձին մարզական ֆեդերացիաներին, և որոշ մարզիկներ, որպես անհատներ, իրենց նախաձեռնությամբ և իրենց ֆինանսական մջոցներով մեկնել են մասնակցելու այդ խաղերին՝ չտեղեկացնելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակելու է մարզաձևերի ֆեդերացիաների լիցենզավորմանն ուղղված նախաձեռնությունը՝ դրան տալով օրենքի ուժ, ինչը հնարավորություն կտա բացառել նմանատիպ ինքնագործունեությունը մարզաձևերի ֆեդերացիաների կողմից և ինքնակոչ մարզիկները կզրկվեն միջազգային մրցահարթակներում՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հանդես գալու հնարավորությունից»:

Վահագն Հակոբյան




Լրահոս