«Կոնգրես» հյուրանոցի 6-րդ հարկից ցած նետված 32-ամյա կնոջ մահվան առեղծվածը. ինչո՞ւ «անհետացավ» բարեկամը. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ համարում անդրադարձել էինք սեպտեմբերի 7-ին «Կոնգրես» հյուրանոցի 6-րդ հարկից ցած նետված 32-ամյա կնոջ պատմությանը։ Մեր նախնական տեղեկատվությամբ, կինը սիրիահայ է, և եղած վարկածով, նա պատուհանից նետվել էր ինքնասպանության նպատակով։

Իհարկե, ուշագրավ է, որ բարեկամները միան­գամից հեռացել են հյուրանոցից, քանի որ նրանք շատ բան ունեն բացատրելու։ Սկսենք նրանից, որ տեսականորեն միգուցե հնարավոր է, սակայն գործնականում բացառվում է, որ ինչ-որ մեկը հյուր գնա և որոշի բարեկամների պատուհանից (նույն բանն է հյուրանոցի համարը) ցած նետվել։ Այսինքն՝ ինքնակամ կյանքից հրաժարվելով հանդերձ, բարեկամներին առնվազն տհաճ փաստի առաջ կանգնեցնել։ Այսինքն՝ նպատակը բարեկամներին վատություն անե՞լն էր։

Ուրեմն, եթե նման թշնամական հարաբերություններ ունեին, ինչո՞ւ էին բարեկամները 32-ամյա կնոջը համարում մենակ թողել, եթե կողքին մեկը լիներ, հաստատ թույլ չէր տա։ Իսկ եթե վատության հարց չկա, ապա ինքնասպանություն գործել ցանկացողն ավելի հարմար վայր չէ՞ր կարող գտնել։ Առավել ևս, որ «Կոնգրեսի» հարևանությամբ մի բարձր կամուրջ կա, որտեղից շատերն են ցած նետվել։ Վերջապես, եթե կինն ինչ-որ մեկի մոտ էր գնացել, ուրեմն ինչո՞ւ է խոսվում ինքնասպանության մասին։ Չէ՞ որ նույն հաջողությամբ կարող էր նաև սպանության վարկածը շրջանառվել։

Կամ առնվազն սպանության հասցնելու, քանի որ որոշ ուշագրավ լուրեր էլ կան։ Ըստ աղբյուրի, կինը հյուրանոց այցի էր գնացել ոչ թե բարեկամներին, այլ՝ բարեկամին հյուր։ Սա էլ, ըստ նույն լուրերի, այսպես ասենք, այնքան կարոտած է եղել բարեկամուհուն և այնպես ջերմ է փորձել ընդունել, որ երիտասարդ կինը ստիպված է եղել այդ «բարեկամական գրկախառնության» փորձից խուսափել պատուհանի միջոցով… Համենայնդեպս, այս բոլոր հարցերի պատասխանը հյուրը ընդունողը պետք է տա, և նա գերադասել է «անհետանալ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս