Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց անմիջապես հետո կառավարությունում արդեն սկսվել էր հանձնման-ընդունման գործընթացը: Թեեւ Սերժ Սարգսյանը միայն այսօր է ստորագրել Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը, բայց Կարապետյանին վերջին օրերին հաճախ կարելի էր նկատել կառավարության շենք մուտք գործելիս:
Մասնավորապես, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապագա վարչապետը սեպտեմբերի 9-ին` առավոտյանը ժամը 11-ի սահմաններում, այցելել է կառավարության շենք, եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում, հանդիպել նրան: Թե ի՞նչ նպատակով է նորանշանակ վարչապետն այցելել իր դեռևս ապագա աշխատավայր, փորձեցինք պարզել կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանից:
Ի պատասխան մեր հարցմանը` տիկին Տոնոյանը պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ»: