Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ այսօր Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին. «Ես անչափ ցավում եմ, շատ լավ, շնորհքով երեխա էր: Քարոզարշավի ժամանակ ինչո՞ւ են նմանատիպ դեպքեր լինում: 2007 թվականին էլ չորս հոգու սպանեցին, չորս երիտասարդ մահացավ, և մինչ հիմա գործը բացահայտված չէ, նույնը` մյուս ընտրությունների ժամանակ, երբ Կարեն Եսայանին սպանեցին, այդ գործն էլ էդպես գնաց:
Ես մի բան գիտեմ, որ վերևն Աստված կա և նմանատիպ սուտ բարոյահոգեբանական մթնոլորտը, թե իբր երկիրը փոխել ենք, Աստծուց պիտի գտնեն, ես աստվածապաշտ մարդ եմ և թշնամուս անգամ նման բան չէի ցանկանա: Այս ձևով ընտրությունը ողբերգություն է: Երկրի առաջին, բոլոր դեմքերը պետք է կատարվածի համար պատասխանատվություն կրեն»:
Իսկ մեր այն դիտարկմանը, թե դեպքի հետ են կապում Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի անունը, Ղուկասյանը մեկնաբանեց շատ կարճ՝ «Հո՞ դուք աննորմալ չեք»:
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդուն հայտաբերել են իրենց տան նկուղում, որտեղ եղել է նաև ատրճանակ: