Ազգընտիրների մեջ ընտրյալներ են հայտնվել. ինչու արժանիները չեն հրավիրվել զորահանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` վաղը` սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ զորահանդես: Այդ զորահանդեսի փորձերի համար արդեն մի քանի օր է` փակ են Երևանի փողոցները, երթևեկությունը կենտրոնում կաթվածահար վիճակում է:

Իհարկե, նման զորահանդեսները,  հատկապես Ղարաբաղյան հակամարտության այս ֆոնին, չափազանց կարևոր են: Այստեղ հետաքրքիրն այն է, որ սպասվող մեծ զորահանդեսին ներկա լինելու հնարավորություն ՀՀ օրենսդիրներից ոչ բոլորն են ունենալու: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղվա զորահանդեսին մասնակցելու հրավիրատոմսեր, բացի Ազգային ժողովի նախագահից և փոխնախագահներից, ստացել են միայն խմբակցության և հանձնաժողովների նախագահները, իսկ մյուս պատգամավորները հրավեր են ստացել միայն 19:00-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի համար:

ArmLur.am-ը զրուցեց մի քանի ՀՀԿ-ականների հետ` հասկանալու համար, թե ինչպես են վերաբերվում նման խտրականությանը: Նախ, նրանք մեզ հետ զրույցում հաստատեցին, որ իրենք միայն երեկոյանը կայանալիք միջոցառման հրավերն են ստացել: Չնայած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը վատառողջ է և նույնիսկ երեկոյան կայանալիք համերգին չի մասնակցելու, այդուհանդերձ զորահանդեսին չհրավիրվելու դեմ բողոքներ չունի:

Մեզ հետ զրույցում նա նշեց. «Ես առավոտ հրավիրված չեմ: Ես երբևիցե նման բաների պատճառով դժգոհություն չեմ հայտնել, նեղացվածության որևէ բան չունեմ: Ես այնքան եմ այդպիսի միջոցառումների եղել, որ առանձնապես ցանկություն էլ չունեմ»:

Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մեզ փոխանցեց հետևյալը. «Ես միայն վաղը երեկոյան կայանալիք համերգի հրավիրատոմս ունեմ: Ես տեղյակ չեմ ուրիշ միջոցառման մասին»: Սուքիաս Ավետիսյանն այժմ չի մտածում այդ ամենի մասին, քանի որ գտնվում է Գյումրիում` այնտեղ այսօր տեղի ունեցած ողբերգության պատճառով:

Ստացվում է, որ նախագահականում տարբերություն են դնում պատգամավորների միջև, և ազգընտիրների մեջ ընտրյալներ գոյություն ունեն: Թերևս, հարց է առաջանում` ինչո՞ւ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ տեղի ունենալիք զորահանդեսին չպետք է մասնակցեն այն մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել Արցախյան ազատամարտում կամ այն պատգամավորները, ովքեր իսկապես օրենսդրական կարևոր և ակտիվ գործունեություն են ծավալում:

Ինչո՞ւ պետք է զորահանդեսին մասնակցեն Կորյուն Նահապետյանը կամ Արտակ Դավթյանը միայն նրա համար, որ հանձնաժողովների նախագահներ են, իսկ, օրինակ, պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը, Ռուստամ Գասպարյանը, ովքեր իրենց կյանքը վտանգելով պաշտպանել են մեր հողերը թե´ Արցախյան, թե´ ապրիլյան պատերազմի օրերին, զորահանդեսին մասնակցելու հրավիրատոմս չունեն: Թերևս ազգընտիրների մեջ ընտրյալներ են հայտնվել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս