Անցած կիրակի՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանի 5 մարզի 317 համայնքում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 220 գյուղական համայնքում ընտրել են գյուղապետ, իսկ 17 քաղաքային համայնքում՝ քաղաքապետ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի տվյալներով՝ 32 գյուղի գործող գյուղապետեր այս ընտրություններում պարտվել են: Կան նաեւ գյուղեր, որտեղ գործող գյուղապետերը մրցակից չեն ունեցել: Օրինակ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ակունքի գյուղապետի ընտրությունները բավականին թեժ են անցել: Այստեղ հիմնական պայքարը ընթացել է երկու ՀՀԿ-ականների՝ Արտաշես Հովհաննիսյանի եւ Լյովա Մանուկյանի միջեւ: Արդյունքում ընտրվել է ինքնառաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Լյովա Մանուկյանը, որը Թալինի «Որսորդ միություն» ՀԿ-ի նախագահն է: Վերջինս հավաքել է 165 ձայն, իսկ Ակունքի գործող ՀՀԿ-ական եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված գյուղապետ Հենրիկ Կնյազյանը պարտվել է՝ հավաքելով 35 ձայն: Աղձքը նույնպես պատկանում է այն գյուղերի շարքին, որտեղ գործող ՀՀԿ-ական գյուղապետը պարտվել է: Փոխարենը ընտրվել է «Նամենամեդս» ընկերության տնօրեն Արթուր Ավետիսյանը:
Աշտարակում նույնպես ընտրապայքարը թեժ է անցել: Նշենք, որ Աշտարակի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին 4 թեկնածու: Իսկ հիմնական պայքարը ընթացել է երեք թեկնածուների՝ ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանի, Ռազմիկ Տերտերյանի եւ Թովմաս Շահվերդյանի միջեւ: Արդյունքում 27-ամյա Շահվերդյանը, հավաքելով 4428 ձայն, ընտրվել է Աշտարակի քաղաքապետ: Նշենք, որ վերջինս «Ավգոռ» ընկերության տնօրենն է եւ «Աշտարակի ձոր» հանգստյան գոտու տիրոջ որդին: Իսկ, ահա, թեկնածուներից՝ Աշոտ Ղալաչյանը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սանիկն է: Սակայն Ղալաչյանի լուրջ մրցակիցներն էին գործարարներ Թովմաս Շահվերդյանն (Թոմի, այդպես են նրան Աշտարակում անվանում) ու Ռազմիկ Տերտերյանը: Ըստ աշտարակցիների՝ նրանք երկուսն էլ բավականին հայտնի են քաղաքում: Տեղեկացնենք, որ Տերտերյանը նախկինում էլ է քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել, սակայն պարտվել է: Աշտարակի քաղաքապետի ընտրություններին, ուշագրավ է, որ ԲՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական Արշալույս Մեժլումյանը հավաքել է ընդամենը 608 ձայն եւ զբաղեցրել ամենավերջին՝ 4-րդ տեղը:
Ոչ պակաս ակտիվ են անցել ընտրությունները նաեւ Ապարանում. քաղաքապետի աթոռի համար այստեղ պայքարում էին երկու թեկնածու՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, որը հավաքել է 2408 ձայն, եւ «Ապարան գրուպ» ընկերության տնօրեն Էդգար Փարվանյանը՝ 1112 ձայն: Հիշեցնենք, որ Գոռ Աբրահամյանը երկար տարիներ է, ինչ վայելում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը:
Գեղաձորում գործող ՀՀԿ-ական գյուղապետ Յուրա Մարգարյանը պարտվել է, ընտրվել է անկուսակցական Սմբատ Պետրոսյանը: Այս գյուղում նույնպես ընտրությունները թեժ են անցել: Տեղեկացնենք, որ Սմբատ Պետրոսյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից է եղել: Գեղաձորցիների պատմելով՝ մինչ ընտրությունները Սմբատ Պետրոսյանի թիմակիցները իշխանական օղակների մոտ ակտիվ բարձրաձայնում էին այն մասին, թե իբր գործող գյուղապետ Յուրա Մարգարյանը յուրացումներ է արել:
Արգածատոնի մարզի Եղնիկի գյուղապետի ընտրությունները հետաքրքիր ավարտ են ունեցել. այստեղ գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու, որոնք երկուսն էլ համապատասխանաբար հավաքել են 107 ձայն: «Ժողովուրդ»-ը Աշոտ Առաքելյանից տեղեկացավ, որ վիճակահանություն են անելու, եւ ըստ այդմ կորոշվի, թե ով է նստելու գյուղապետի աթոռին:
Լուսակնի գյուղապետի պաշտոնում ընտրվել է նույն գյուղի դպրոցի պահակը՝ անկուսակցական Ռուդիկ Հակոբյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Տարոն Պողոսյանը հավաքել է 53 ձայն, իսկ Ռուդիկ Հակոբյանը՝ 54: Ծաղկահովիտում առաջադրված թեկնածուներից Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, հավաքել է 257 ձայն, գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը՝ 311 ձայն, իսկ երրորդ թեկնածուն՝ Նորաին Հակոբյանը՝ 364 ձայն, որն էլ գյուղապետ է ընտրվել:
Արարատի մարզի Ազատավան գյուղում ընտրվել է «Մարինե եւ Զարինե» ընկերության տնօրեն, ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանը: Իսկ նրա հետ առաջադրված մյուս թեկնածուները՝ Արուս Հովհաննիսյանը հավաքել է 65 ձայն, գործող գյուղապետ Սարգիս Խաչատրյանը՝ 539 ձայն: Նույն մարզի Հովտաշեն գյուղի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը նույնպես պարտվել է, ընտրվել է ՀՀԿ-ական մյուս թեկնածուն՝ Արթուր Մկրտչյանը: Մասիս գյուղում նույնպես գործող գյուղապետը չի անցել:
Իսկ, ահա, Մասիսի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն՝ Դավիթ Համբարձումյանը, որը հայտնի է որպես «թույների» Մհերի որդի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի սանիկ: Վերջինս հավաքել է 7520 ձայն:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդավայրում՝ Մխչյանում, վերընտրվել է Խաչիկ Պողոսյանը: Ի դեպ, նա Հովիկ Աբրահամյանի բարեկամն է: Նոր Կյանքի գյուղապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը: Վերջինս հավաքել է 467 ձայն, իսկ գործող գյուղապետ Մայիս Աբրահամյանը պարտվել է՝ հավաքելով 400 ձայն:
Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի՝ Արաքսի գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել էին 5 թեկնածու, ընտրվել է անկուսակցական Վարդան Գրիգորյանը, իսկ գործող գյուղապետ Ավագ Միքայելյանը 193 ձայնով պարտվել է: Արգավանդում նույնպես գործող գյուղապետը պարտվել է: Դողսում գյուղապետ է ընտրվել անհատ ձեռնարկատեր Գրիշա Հարությունյանը, իսկ գործողը պարտվել է:
Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում առաջադրվել է, ինքն իր դեմ պայքարել ու ընտրվել է գործող գյուղապետ Գեւորգ Ներսիսյանը: Վերջինս Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրն է: Ջրառատի գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները 4-ն էին, այստեղ վերընտրվել է գործող գյուղապետ Սամվել Գալստյանը, որը փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի քրոջ որդին է:
ՀՀ հոգեւոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց Կարեն Գրիգորյանը, որը հավաքել է 10587 ձայն: Նրա մրցակիցներից անկուսակցական Արթուր Թումանյանը հավաքել է 3651 ձայն: Իսկ մյուս թեկնածուն՝ Արթուր Խաչատրյանը, որը Էջմիածնի քաղաքապետարանի սպասարկման բաժնի պետն է, հավաքել է 504 ձայն:
Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը, Մեղրիում՝ Մխիթար Զաքարյանը: Սերժ Սարգսյանի ծննդավայրում՝ Տեղ գյուղում, ընտրվել է ՀՀԿ-ական Ներսես Շադունցը, որը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետն է: Նա մրցակից չի ունեցել: Քաջարանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է Մանվել Փարամազյանը, որը Քաջարանի քաղաքապետարանի իրավաբանն է եղել: Նա նույնպես մրցակից չի ունեցել:
Հ.Գ. Ըստ ԿԸՀ-ի՝ տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Ընտրական հանձնաժողովներում դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացվել են նաեւ ընտրություններին առնչվող 142 այլ դիմումներ: Իսկ, ահա, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը բարձրաձայնում է՝ ընտրատեղամասերում ամենաշատ հանդիպող խնդիրներից մեկը ուրիշի փոխարեն քվեարկելն էր:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀՀԿ-Ն ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՉՊԱՇՏՊԱՆԵՑ
Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեժ մրցակցություն էր հատկապես խոշորացված Նոյեմբերյան, Կողբ, Այրում համայնքներում: Նոյեմբերյան համայնքը ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր: Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 7 հոգի: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Նոյեմբերյանի գործող քաղաքապետ,, ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանը, ով համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ տեղական կազմակերպության խորհրդի որոշմամբ, ընտրությունների արդյունքում ստացել է 2355 ձայն, անհատ ձեռներեց, անկուսակցական Կարեն Աբազյանը՝ 2588, Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ աշխատակից, երկրապահ կամավորականների միության Տավուշի մարզային խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀԿ անդամ Արթուր Անանյանը՝ 887, Բարեկամավան համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Գարիկ Աբազյանը՝ 852, Ոսկեպար համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Երվանդ Եգանյանը՝ 402, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գարիկ Փիրումյանը՝ 464, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Սերյոժա Ամիրաղյանը՝ 250 ձայն:
Վանուշ Ամիրաղյանի պարտությունը կանխորոշված էր այնքանով, որ ՀՀԿ-ն առաջադրելով նրա թեկնածությունը, ըստ էության, աշխատեց Կարեն Աբազյանի օգտին: Ոսկեվանի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ղեկավարները, Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների տնօրենները գործեցին Կարեն Աբազյանի հաղթանակն ապահովելու համար: Նշենք, որ Կ. Աբազյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մտերիմներից է, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի քրոջ ամուսինը: Խոշորացված Կողբ համայնքում, որը միավորում է Կողբ եւ Զորական գյուղերը, առկա էր համայնքի ղեկավարի 4 թեկնածու: Կողբի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, կուսակցության կողմից թեկնածու առաջադրված Արամայիս Աբովյանը ստացել է 932, Կողբի նախկին գյուղապետ, անկուսակցական Արսեն Աղաբաբյանը՝ 1248, Զորականի գյուղապետ, ՀՀԿ անդամ Սուրեն Մարտիրոսյանը՝ 506, ՀՀԿ անդամ Գոռ Վանյանը՝ 97 ձայն: Հիշեցնենք, որ Կողբը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հարազատ գյուղն է, մարզպետն այնտեղ է բնակվում: Խոշորացված Այրում համայնքը ներառում է համանուն քաղաքը եւ Դեբեդի հովտի 7 գյուղեր:
Այրում համայնքի ղեկավարի ընտրություններում Պտղավանի գյուղապետ, ՀՀԿ-ի կողմից որպես թեկնածու առաջադրված Արայիկ Պարանյանը ստացել է 1531, Բագրատաշենի գյուղապետ, ՀՀԿ անդամ Արկադի Մակյանը՝ 1145, անկուսակցական փաստաբան Դավիթ Փարսադանյանը՝ 1471, անկուսակցական Արարատ Պետրոսյանը՝ 661 ձայն:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ