Վարդևան Գրիգորյանի որդու մահվան շուրջ հակասական տեղեկությունները գնալով շատանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր զրուցել է Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի հետ՝ վերջինից տեղեկանալով որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքների մասին:

Քաղաքապետի թեկնածուն, անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե որդուն սպանել են, ապա հետ բերել ավտոտնակ, հայտարարել է. «Շահարկում են մարդու ողբերգությունը, սենսացիաներ փնտրում, հիմա Էլ գրում են, թե իբր սպանել են, հետո բերել-դրել են ավտոտնակում»։

Վարդևան Գրիգորյանը հստակ չի կարողացել ասել՝ կատարվածն ինքնասպանություն է, թե սպանություն. «Փորձաքննությունը կտա հարցերի պատասխանները»:

Նկատենք, որ դեպքի օրը shamshyan.com-ը լուր է հրապարակել, թե Գյումրու քաղաքապետի թեկնածու Վ. Գրիգորյանի մահացած տղային՝ Արշակին, ով բնակվում էր Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան 1-ին թաղամասի 44Ա տանը, գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխել Գյումրիում հայտնի «Պալիգոններ» թաղամասից։

Ըստ երևույթին՝ Վարդևան Գրիգորյանը հերքում է որդուն տանից հեռու սպանելու վարկածը:

Ի դեպ, հակասական տեղեկություններ են հրապարակվում նաև Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերելու շուրջ: Բանն այն է, որ ականատեսները հայտարարում են, որ դին հայտնաբերվել է ավտոտնակներից մեկում, որն ունի երկու մուտք, որոնք շրջապատված են տեսախցիկներով, իսկ ՀՀ քննչական կոմիտեն հերքում է այս փաստը՝ հայտարարելով, որ դին նկուղում է հայտնաբերվել:

Տեղի ունեցած ողբերգությունը, հիրավի, բազմաթիվ հարցեր ունի, որոնք դեռևս պատասխաններ չեն ստացել:




Լրահոս