Վաղաժամկետ ազատման հարցով Վոլոդյա Ավետիսյանը բաց նամակ է հղել Կարեն Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վարդաշեն» ՔԿՀ-ում 6,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը բաց նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ նրա ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը՝ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը, անտեսվում է այն կիրառողների կողմից: Նա խնդրել է վարչապետին վերահսկողության սահմանել այս խնդրի վրա:

«Մեծարգո պարոն Կ. Կարապետյան, նախեւառաջ, շնորհավորում ենք Ձեզ ՀՀ վարչապետի բարձր եւ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ եւ մաղթում հաջողություններ Ձեր սկսած ազգանվեր գործունեության մեջ:

Հարգելի պարոն վարչապետ, մենք՝ դատապարտյալներս, քաջ գիտակցում ենք, որ մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ ծանր մարտահրավերներին դիմակայելը եւ դրանք ի շահ ազգի օգտագործելու գործընթացը շատ դժվար է լինելու եւ մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջելու: Սակայն խնդրում ենք մի պահ ժամանակ գտնել եւ անդրադառնալ Հայաստանի դատաիրավական համակարգում տեղ գտած մի արատավոր երեւույթի: ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը անտեսվում է այն կիրառողների կողմից: Կարծես թե այդ հոդվածը ընդհանրապես գոյություն չունի:

Հարցը տարիներ շարունակ բարձրացվել է թե հանրության, թե հազարավոր դատապարտյալների կողմից: Սակայն պատասխանը այդպես էլ չի տրվում: Տարիներ շարունակ արդարադատության ամեն մի նախարար խոստանում է այդ հարցին շուտափույթ լուծում տալ: Սակայն ինչ-որ բան խանգարում է (ինչպես կոռուպցիան):

Հարգելի պարոն վարչապետ, մեկ անգամ եւս խնդրում ենք Ձեր անձնական վերահսկողությամբ հանձնարարել պետական մարմիններին հնարավորինս հարգել եւ կատարել գործող օրենքը, որը, մեր խորին համոզմամբ, բոլորի նկատմամբ պետք է լինի հավասար: Այսօրվա իշխանությունները մեր ժողովրդի եւ պետության թշնամիներն են»,-գրել է նա իր նամակում:




Լրահոս