Լիճքն ապահովվել է ավելի քան 3 կմ երկարությամբ արտաքին լուսավորությամբ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում այս տարի տեղակայվել է 53 լուսատու՝ արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգով: Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական երկու փողոցները՝ մոտ 1,650մ ընդhանուր երկարությամբ:
Դեռևս նախորդ տարի՝ Լիճք համայնքի լուսավորման ծրագրի առաջին փուլում, գյուղում լուսադիոդային (LED) համակարգով աշխատող 47 լուսատու էր տեղադրվել՝ լուսավորելով 1,450մ երկարությամբ տարածք: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Լիճքն ապահովվել է ավելի քան 3 կմ երկարությամբ արտաքին լուսավորությամբ:
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը և համայնքի բնակիչները:

Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա:

«Վերջին տասնամյակների՝ տեխնոլոգիական սրընթաց զարգացումը միտված է մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը և ճանաչողության նոր հնարավորությունների ստեղծմանը: Այնուամենայնիվ, այդ առաջընթացն իր հետ բերում է նաև բացասական հետևանքներ. չարաշահվում են Երկիր մոլորակի բնական ռեսուրսները, աղտոտվում է շրջակա միջավայրը, անդառնալի կորուստներ է կրում բնությունը: Այս երևույթները մեղմելու միջոցներ ստեղծելը և կիրառելը օրհասական խնդիր է դարձել մարդկության համար: Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը լուծումներից մեկն է, և ուրախ եմ, որ այդ գաղափարը լայն տարածում է գտնում և իրականացվում է Հայաստանում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը: Դա նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը:

unnamed-8

unnamed-11

unnamed-12

unnamed-13

unnamed-14

 




Լրահոս