Էդմոն Մարուքյանը գիտի դավաճանների անունները, սակայն սպասում է, որ նրանք բացահայտվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը Վանաձորի քաղաքապետի ընտրությունների նախօրեին հայտարարել էին համատեղ հանդես գալու վերաբերյալ, անգամ հուշագիր էին ստորագրել, բայց պարզվեց, որ նրանց շարքերում կան այնպիսիք, որոնք սատարում են ՀՀԿ-ին: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում 19 քվե ստացավ Մամիկոն Ասլանյանը, 14 քվե` Քրիստ Մարուքյանը, եւ դա այն դեպքում, երբ «ընդդիմադիրները» ընդհանուր ունեին 18 մանդատ:

Չնայած միավորված երեք ընդդիմադիր ուժերը մեկը մյուսի հասցեին հնչեցրին մեղադրանքներ, հանդես եկան տարաբնույթ հայտարարություններով, այնուամենայնիվ՝ ընտրություններից հետո համբուրվեցին եւ միասին խնջույք կազմակերպեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբորը պատկանող ռեստորանում: Ըստ ամենայնի` հենց խնջույքի սեղանի շուրջ էլ «կնքվեց նրանց գործարքը». ընդդիմադիրները որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը: Սա ընդդիմադիրների համար ամենադյուրին գործիքն է, իսկ հանրապետականների համար ամենացանկալի «դիմադրությունը»: «Ժողովուրդ»-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից փորձեց պարզել, թե ինչու են գնում այդ քայլին:

-Պարո՛ն Մարուքյան, Դուք հայտարարել եք, որ բոյկոտելու եք Վանաձորի ավագանու նիստերը, բայց չե՞ք կարծում, որ այդ կերպ ուղղակի նվեր կմատուցեք իշխանությանը, քանի որ, եթե մասնկացեք եւ անվստահություն հայտնեք նորանշանակ քաղաքապետին, տեղի կունենա նոր ընտրություն:

-Անվստահություն կարող ենք հայտնել մեկ տարի անց, հիմա օրենքով չկա նման հնարավորություն: Բոյկոտի արդյունքում առաջիկայում կպարզվեն թաքնված քվեարկողները, եւ կշարժվենք առաջ:

-Բայց չէ՞ որ Դուք 18 ավագանիներով գործող քաղաքապետին կարող եք թույլ չտալ աշխատել: Առջեւում կարեւորագույն հարցերի շուրջ քննարկումներ են ընթանալու, մասնավորապես, որոշվելու է բյուջեի հարցը:

-Եթե բոյկոտում են տասնութ ավագանիով, դա նշանակում է` ոչ մի բան չեն կարողանում անել:

– Բոյկոտելով ինչպե՞ս կարող եք պարզել, թե ովքեր են Ձեզ խաբողները:

-Այն մարդիկ, ովքեր համագործակցում են ՀՀԿ-ի հետ, ստիպված կլինեն բացեիբաց համագործակցել եւ բացահայտել իրենց:

-Մտավախություն չունե՞ք, որ մեկ-երկու ամիս հետո, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, Ձեր «ընդդիմադիր գործընկերները» կարող են հայտարարել, որ իրենք որոշել են մասնակցել ավագանու նիստերին:

-Ամեն ինչ էլ կարող է լինել. սպասենք, տեսնենք: Ինչ ասեմ, մեր ռազմավարությունը դա է: Իմ կարծիքով` չեն կարող թաքնված մնալ, կբացահայտվեն: ՀՀԿ-ն իր մարդկանց կասի` եկեք խելոք քվեարկեք ու բացահայտվեք:

-ԲՀԿ-ն իր հերթին է ասում` մենք ունենք ապացույցներ, ՀՎԿ-ն իր հերթին է ասում, ոչ ոք չի խոստովանում, որ այդ ծպտյալները իրենց թիմակիցներն են:

-Դե ես հիմա այդ հարցի հետաքննությամբ չեմ զբաղվում, դրա համար չեմ կարող այդ հարցին պատասխանել: Մենք էլ ենք ասել` չենք կասկածում մեր անդամների վրա եւ գիտենք, թե ով ոնց է քվեարկել: Հերթով ամեն ինչ իր տեղը կընկնի:

– Այսինքն` կա՞ն կոնկրետ մարդիկ, որոնց կասկածում եք:

-Ոչ թե կասկածներ ունեմ, այլ ես գիտեմ, ուղղակի ես չեմ բացահայտում, իրենք իրենց կբացահայտեն:

-Չբացահայտվելու դեպքում Դուք բացահայտող հայտարարությամբ հանդես կգա՞ք:

-Բանը չի հասնի նրան, որ ես հանդես գամ հայտարարությամբ. կբացահայտվեն, մի՛ անհանգստացեք:

Զրուցեց Վահագն Հակոբյան




Լրահոս