Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ին հորդորել է հրատապ կարգով վերականգնել Թուրքիայում մոնիթորինգի գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին ԵԽԽՎ լիագումար նիստում «Իրավիճակը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի լույսի ներքո» թեմայի քննարկման շրջանակում ՀՀ Ազգային ժողովի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր զեկույցը, որում սուր քննադատության է ենթարկել հեղաշրջումից հետո Թուրքիայում ծավալված հակաժողովրդավարական գործընթացները՝ միաժամանակ հակադարձելով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի՝ ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած երեկվա հայտարարություններին:

Հերմինե Նաղդալյանի զեկույցի տեքստը ներկայացնում ենք ստորեւ՝

«Տիկնայք եւ պարոնայք,

այսօրվա քննարկումը լավագույն վկայությունն է, որ իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության «թեժ կետերից» մեկը: Մենք բոլորս գիտակցում ենք, որ երկրի անկայուն իրավիճակը կարող է պայթյունավտանգ լինել ոչ միայն տարածաշրջանի համար, այլ առավել լայն իմաստով:

Ես ներկայացնում եմ Հայաստանը` երկիր, որն ուղղակիորեն սահմանակից է Թուրքիային, երկիր, որն անմիջապես կրում է բացասական հետեւանքները :

Պետական հեղաշրջման փորձից հետո որն է ներկայիս իրավիճակը:

Նախագահ Էրդողանի արձագանքի ծավալն ու խորությունը կործանարար է` որեւէ հույս չթողնելով երկրում ցանկացած ժողովրդավարական գործընթացի համար: Թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձը սկսել են կիրառել՝ որպես երկրում բողոքի ակցիաները ճնշելու արդարացում: Քանի որ այն ճնշվել էր, հազարավոր զինծառայողներ, դատավորներ, ուսուցիչներ եւ քաղաքացիական ծառայողներ հանկարծակի ձերբակալվեցին կամ աշխատանքից ազատվեցին: Վերջերս երկարաձգված արտակարգ դրությունը նշանակում է մարդու հիմնարար իրավունքների կասեցում, միաժամանակ, քննարկվում է մահապատժի կրկին կիրառումը:

Իշխանությունները փակել են մի քանի քրդական հեռուստաալիքներ եւ ռադիոկայաններ, այդ թվում` մանկական մեկ ալիք: Կարող եք պատկերացնել` Թուրքիան սպառնալիքի աղբյուր է դիտարկում մուլտֆիլմային մեկ ալիքը:

Եզրակացությունն անխուսափելի է, հարգելի գործընկերնե՛ր, Թուրքիան ավելի ավտորիտար է դառնում, ավելի անկանխատեսելի, որը բերում է հասարակության պառակտվածությանը:

Բոլորովին վերջերս քննարկում էինք Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանն առնչվող հարցը: Ինչպես հիշում եք, քննարկումների ընթացքում տարբեր տեսակետներ հնչեցին. մենք խիստ մտահոգված էինք երկրում տեղի ունեցող սխալ զարգացումներով եւ պաշտպանում էինք մոնիթորինգի գործընթացը վերականգնելու գաղափարը: Այսօր այդ հարցն առավել քան հրատապ է` պայմանավորված կտրուկ շրջադարձով, որը Թուրքիան կատարեց իր ժողովրդավարացման ճանապարհին:

Թուրքական իշխանությունները, բոլորովին անտեսելով օրենքի գերակայությունը, իրավիճակը օգտագործում են` պայքարելու երկրում իրենց քաղաքական հակառակորդների եւ ազգային փոքրամասնությունների դեմ:

Այնպես որ, նախարար Չավուշօղլուն ավելի լավ կլիներ կենտրոնանար այդ լուրջ խնդիրների վրա, այլ ոչ թե Վեհաժողովի հետ կիսվեր իր անձնական պատմություններով:

Մեկ այլ հղում նախարարի երեկվա ապակողմնորոշող ակնարկներին: Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի նրա տեսլականը 5 շրջանների ենթադրյալ դուրս բերման շուրջ, իրականության երեւակայական ընկալում է: Մինչդեռ ռեալ իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն ուղղված է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

Թյուրիմացության մեջ գցելու եւս մեկ փորձ՝ նախարարը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Եթե Թուրքիան իսկապես մտադրված է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ դեպքում վավերացված եւ ի կատար ածված կլինեին ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009 թվականին, բացված կլիներ Եվրոպայի միակ փակ սահմանը:

Շնորհակալություն»:




Լրահոս