2014 թվականի մարտի 7-ից ապրիլի 10-ը ադրբեջանական գերության մեջ գտնված Արսեն Խոջոյանը, որը մեղադրվում է անչափահասի սպանության մեջ, առողջական լուրջ խնդիրներ ունի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը, հայտնեց, որ գերության ժամանակ ձեռք բերված հիվանդությունը որդու մոտ կրկնվել է: «Երկար ժամանակ Ավանի հոգեբուժարանում բուժվեց, դեպքից հետո նորից կրկնվել է հիվանդությունը: Չգիտեմ` նրան ինչպիսի օգնություն է ցուցաբերվում»,- ասաց Սվետլանա Խոջոյանը:
Գործով քննիչ Մերուժան Գալստյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Արսեն Խոջոյանը գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում, եւ գործով նախաքննությունը շարունակվում է: Խոջոյանի փաստաբանի` Աննա Միրզոյանի խոսքերով՝ իր պաշտպանյալին ՔԿՀ-ում բուժօգնություն տրամադրվում է, սակայն, ամենայն հավանականության, նրան քաղաքային հիվանդանոց կտեղափոխեն: Ըստ փաստաբանի՝ հարցաքննության ընթացքում Արսեն Խոջոյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Իսկ նրա հարազատներն ու տուժողի մայրը պնդում են, որ նա կատարվածի հետ կապ չունի: