ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել «Մինասյան» բժշկական կենտրոնի գույքը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն վաճառում է ԲԿ-ի ընդունարանի գույքը՝ դարակներ, 3 հատ երկար աթոռներ, սառնարան, երկու աղբաման, երեքդռնանի պահարան, երկու աթոռ` առանց մեջքի, տումբա, չհրկիզվող պահարան, երկու հատ պատի գրապահարան, բանալիների պահարան, ժամացույց, պատի նկարներ, բժշկական տուփ, հաշվիչ, կարպետներ եւ այլն: Այս պահին գնային առաջարկ չկա, եւ այն վաճառվում է մեկ ամբողջական լոտով: Իսկ նշված ապրանքների արժեքն էլ կազմում է ավելի քան 510 հազար դրամ: Բացի այս, ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել նաեւ ԲԿ-ի մերսման սրահի գույքը՝ սեղանները, տումբաները, ոտքի պրես, ջեռուցիչներ, աթոռներ՝ 85 հազար դրամ արժեքով:
Նշենք, որ բժշկական կենտրոնի` վաճառքի հանված գույքի մեջ կան նաեւ օճառամաններ, վարագույրներ՝ իրենց ձողերով, ցնցուղներ եւ այլն: Նշված ԲԿ-ի սրճարանի գույքը նույնպես վաճառքի է հանվել. վաճառվում են պատի նկարները, ջահերը, գազի կաթսան, փոշեկուլը, աթոռները եւ այլն: Իսկ սրճարանի գույքի մեկնարկային գինը կազմում է ավելի քան 190 հազար դրամ:
ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականի օգոստոսի 3-ին: Հիմնադիրն է Ֆլորա Մինասը, ով ունի Նիգերիայի քաղաքացիություն: Նաեւ ընկերության նկատմամբ սահմանափակումներ են կիրառված: Այսինքն` սա նշանակում է, որ տվյալ բժշկական կենտրոնը գրավադրել է իր գույքը եւ չկարողանալով մարել վարկային պարտավորութունները` հասել է մի վիճակի, երբ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել գրավադրված գույքը: Նշենք, որ ԲԿ-ն գտնվում է Երեւանում: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ԲԿ-ի տնօրինության հետ, սակայն ապարդյուն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ