«Իքս Ֆակտոր 2», «Պրեմիերա» նախագծերից հայ հանրությանը հայտնի երգչուհի Լենա Ղազարյանը պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նոր տեսահոլովակ: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է երեւանյան մենահամերգով հանդես գալու իր մտադրության մասին, անդրադարձել երգարվեստում առկա խնդիրներին:
–Լենա՛, մի փոքր պատմիր քո նոր տեսահոլովակի մասին, որը պատրաստվում ես թողարկել մոտ օրերս:
-Այն նկարահանվել է «Երեւան» երգի հիման վրա, որն ավելի վաղ Նյու Յորքի DANU ռադիոկայանի երեքժամյա երաժշտական մրցույթում ռադիոունկնդիրների քվեարկությամբ գրավել էր առաջին հորիզոնականը: Երգի հեղինակը Արթուր Բարսեղյանն է: Իսկ հոլովակը ողողված է երեւանյան գեղեցիկ տեսարաններով:
-Որքանով տեղյակ ենք` վերջերս մեկնել էիք Ֆրանսիա, որտեղ հանդես եք եկել համերգներով…
-Այո՛, դրանք բարեգործական բնույթի համերգներ էին, որոնցից ստացված հասույթն ուղղվելու է առողջական խնդիրներ ունեցող հայաստանցի երեխաներին: Ես եւ ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանը ներկայացանք Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, ելույթ ունեցանք ոչ միայն հայ համայնքի, այլեւ տեղի բնակիչների համար: Ինձ համար փոքր-ինչ անսպասելի էր, որ Ֆրանսիայի հայությունը մեզ հիշում էր եւ հրաշալի ճանաչում: Բավական ջերմ ընդունելության արժանացանք: Վստահ եմ, որ նմանատիպ համերգները շարունակական բնույթ կունենան:
–Ձեր «Փակուղի» երգը դարձավ «Փոխնակ մայրը» սերիալի սաունդթրեքը: Սպասո՞ւմ էիք նման արդյունքի:
-Ասեմ, որ ես այդ մասին տեղյակ չեմ եղել, իմացել եմ էկրանից` պատահաբար լսելով իմ երգը: Իհարկե, այդ փաստն ինձ անակնկալի բերեց եւ շատ ուրախացրեց:
-Լենա՛, երաժշտական նախագծերում Ձեզ նորից կտեսնե՞նք:
-Ո՛չ. նախ` ժամանակս չի ների, բացի այդ` ցանկություն առանձնապես չկա: Այդ մրցութային «թոհուբոհից» դուրս եմ եկել: Նպատակս արդեն ասպարեզում կայանալն է: Կարծում եմ` հասցրել եմ այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ տանել:
-Իսկ նախագծերի մասնակից հայտնի երգիչ-երգչուհիների հետ Ձեր կապը պահո՞ւմ եք:
-Այո՛, անշուշտ: Մենք շատ լավ ընկերներ ենք եւ հաճախակի հանդիպում ենք:
–Լինելով բավական երիտասարդ` Ձեզնից տարիքով մեծ աշակերտներ ունեք: Դա պարտավորեցնող չէ՞:
-Պատկերացրեք` արդեն հարմարվել եմ այդ կարգավիճակին (ծիծաղում է): Աշխատանքս սիրով եմ անում, ոչ պարտադրված:
–Երեւանյան մենահամերգի մասին մտածո՞ւմ եք:
-Այո, հաջորդ տարի անպայման հանդես եմ գալու մենահամերգով: Հիմնականում կերգեմ երգեր` իմ երգացանկից, կներկայացնեմ նաեւ քավեր տարբերակով ստեղծագործություններ:
-Կարծում եք` կհաջողվի՞ մեծ դահլիճ լցնել: Բացի այդ` մենահամերգը ֆինանսական առումով շքեղություն չի՞ մեր այսօրվա իրականությունում:
-Թող որպես մեծամտություն չհնչի, բայց ինչու ոչ` կարծում եմ` կկարողանամ դա անել: Հատկապես վերջին շրջանում երկրպագուներս շատացել են: Ինչ վերաբերում է ֆինանսականին, ապա դա ինձ համար այս պարագայում առաջին պլանի խնդիր չէ: Կարեւորն այն է, որ կատարեմ հանդիսատեսի պահանջը:
–Ի՞նչ եք կարծում` Ձեր ասպարեզի ամենամեծ բարդությունը ինչի՞ հետ է կապված:
-Վատ շրջապատի, մարդկանց, որոնք քեզ օգնելու ցանկություն չունեն, ավելին` ի հակառակ քեզ` ինչ-որ քայլեր են անում…
-Այսինքն` այսպես ասած, «չուզողները» ոլորտում շա՞տ են:
-Այո՛, իհարկե: Ես ինչ-որ հատուկ դեպքերի չեմ առնչվել, բայց բոլորի հետ չէ, որ հավասարապես շփվել եմ: Այդ է պատճառը, որ իմ մասին արտահայտվելիս ոմանք ասել են, թե ես գոռոզ եմ, այնինչ ես գոռոզ չեմ, այլ` զգուշավոր:
–Եվ վերջում` շուտով կբոլորեք Ձեր 20 տարին: Ի՞նչ երազանք եք պահում:
– Որ երջանիկ լինեմ:
-Իսկ անձնական կյանքի հետ կապված…
-Դե, որ ասում եմ` ուզում եմ երջանիկ լինել, նշանակում է` սիրելի մարդու կողքին (ժպտում է)…
Աննա Բաբաջանյան