«ԻԴԵԱԼԱԿԱՆ ԱՄՈՒՍԻՆ ՉԵՄ ԵՂԵԼ ԿՆՈՋՍ ՀԱՄԱՐ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Այս կերպ բաց ու անմիջական հարցուպատասխանի միջոցով ընթերցողներին արդեն հայտնի անձինք կբացահայտվեն իրենց էության նոր, մինչեւ այժմ անհայտ գծերով: Այս անգամ մեր զրուցակիցը ամերիկաբնակ երգիչ, 70-ականների լեգենդ Հարութ Փամբուկչյանն է, նույն ինքը` Ձախ Հարութը:

-Պարո՛ն Փամբուկչյան, ո՞ր տարիքից սկսած եք Ձեզ հիշում:
-Չորս ու կես-հինգ տարեկանից: Հիշում եմ` եղբայրս գալիս էր տուն, օդի մեջ կարծես հոտոտելով զգում էր, որ առանց իրեն ձմերուկ ենք կերել, ինձնից հարցնում էր, թե որտեղ է պահված այն: Մենք այդ տարիներին զսպանակավոր մահճակալ ունեինք, ասում էի` եթե ինձ պառկեցնես դրա վրա եւ ճոճորես, կասեմ, թե որտեղ է ձմերուկը (ծիծաղում է):
-Ո՞րն է Ձեր սիրելի ըմպելիքը:
-Նռան եւ ծիրանի հյութեր: Ալկոհոլը էական տեղ չի գրավում սիրելի խմիչքների ցանկում: Առհասարակ, այդ պահին ընկերներս ինչ խմում են, դա եմ գերադասում:
-Անփոխարինելի վայր:
-Իմ Հայաստանը, Երեւանը եւ ԱՄՆ-ի իմ տունը, որտեղ ապրում եմ ընտանիքիս հետ:
-Հայ երգի խորհրդանիշը:
-Կոմիտասը: Ինձ համար կարեւոր է աշուղական-գուսանական երաժշտությունը` Սայաթ-Նովա, Շերամ, Ջիվանի…
-Երբեք չեք կարող անտարբեր անցնել…
-Գեղեցիկ աղջկա, մարդկանց գեղեցիկ արարքների կողքով, իրենց կյանքը ընկերոջը, սիրած աղջկան, հայրենիքին նվիրած մարդկանց կողքով:
-Դժվարությամբ եք գումար հատկացնում…
-Ինքս ինձ: Երբ, օրինակ, արտասահմանում եմ լինում, ընտանիքիս անդամների համար զանազան իրեր եմ գնում. նախընտրում եմ առաջինը հարազատներիս գոհացնել, հետո` ինձ:
-Շտապողական եք, վճռական, թե՞ հիշաչար:
-Շտապողական լինելու բնավորությունը տարիքի հետ փոխվում է. հիմա մի բան անելուց առաջ տասն անգամ կչափեմ, մեկ կկտրեմ: Անշուշտ, վճռական եմ, բայց այդ հարցում էլ պետք չէ շտապել, այլապես կվնասես ինքդ քեզ: Հիշաչար չեմ. կարող եմ միանգամից բարկանալ, բայց այդ զայրույթը շատ արագ անցնում է:
-Խորհուրդ, որը Ձեր կյանքում որոշիչ է եղել:
-Եթե մի բան սիրում ես, պետք է նպատակ դնես ու հասնես դրան: Այսինքն` ինձ խորհուրդ են տվել լինել հետեւողական, գնալ երազանքի հետեւից, լինել աշխատասեր ու պարտաճանաչ: Այդ խորհուրդը փոխանցվել է ընտանիքիս կողմից: Գիտեք` մեծ տարիքում կարող ես լսել կամ չլսել որեւէ խորհուրդ, բայց երբ փոքր ես, սպունգի նման կլանում ես դա:
-Պայթող տեսակ եք, թե՞ «ներս գցող»:
-Ներս գցող: Նախընտրում եմ ինձ վնասել, քան դիմացինիս:
-Ձեր խոսքը` երբեւէ Ձեզ թիկունքից հարվածած մարդկանց:
-Ես արդեն նշեցի, որ հիշաչար չեմ: Կան սխալներ, որոնց համար չարժե կորցնել, օրինակ, 30 տարվա ընկերոջը: Բայց, քավ լիցի, ոչ ոք ինձ այդպիսի զգալի հարված չի հասցրել, որ ես էլ հարմար առիթ գտնեմ ու պատասխանեմ, ես այդ մարդը չեմ:
-Կստեք, եթե…
-Եթե այդ ստի միջոցով փրկելու լինեմ որեւէ մեկին:
-Իշխող եք, թե՞ ենթարկվող:
-Ես ենթարկվում եմ բոլոր մարդկանց, որոնց սիրում եմ, բայց երբ զգում եմ, որ շահագործում են բարությունս, շատ ներողություն, դառնում եմ վայրենի:
-Սխալ, որի համար Ձեզ չեք ներում:
-Երբեմն իդեալական ամուսին չեմ եղել իմ սիրելի կնոջ համար: Բայց ինձ մխիթարում եմ գոնե նրանով, որ մեր համատեղ կյանքի վերջին 15 տարվա ընթացքում ապրում էի ճիշտ ձեւով… Բայց նրան կորցնելը նախատեսված էր ի վերուստ… Գոնե հիմա անում եմ այն, ինչ նրան դուր կգար, թեեւ ես դա անում էի նաեւ նրան կորցնելուց առաջ:
-Սիրելու Ձեր ձեւը:
-Ես իմ սերը ցույց եմ տալիս գործով, բայց մեծ մասամբ դա ապարդյուն է լինում… Մեկին տալիս ես ամեն ինչ եւ հանկարծ զգում ես, որ սխալվել ես: Դա բնորոշ է ինձ պես հախուռն, զգացմունքային մարդկանց: Որոշ ժամանակ հետո զգում ես, որ սխալվել ես…
-Կյանքից հարկավոր է վերցնել այն, ինչ…
-Ասում են` ժլատն ամեն ինչ է ուզում կյանքից: Ես ուզում եմ այն, ինչ հարկավոր է ինձ ու իմ մերձավորներին, իմ ընտանիքին, որպեսզի կարողանամ նրանց օգտակար լինել:

 

 

 

 
ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ

Հունաստանի Սալոնիկ քաղաքում` Էգեյան ծովի ափին, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը անցկացվել է «Little Miss and Mister World 2016» մանկական մրցույթը, որին Հայաստանը մասնակցել է երկրորդ անգամ եւ հաջողություն գրանցել: Մեր մասնակիցները նվաճել են 7 մրցանակ, որոնցից 2-ը` գլխավոր, 1-ը` գրան պրի:

«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր (ասոցիացիան «Little Miss and Mister World 2016»-ի ազգային տնօրենն է) Գեւորգ Ասատրյանը, որը եւս ընդգրկված է եղել 30 հոգանոց ժյուրիի կազմում, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գլխավոր մրցանակակիրներից մեկը 8-ամյա Էրիկ Պետրոսյանն է (քաղաք Մասիս), որը, ներկայանալով 7-9 տարեկանների տարիքային խմբում, արժանացել է «Mini Mister World» տիտղոսին: Մյուս գլխավոր մրցանակակիրը 11-ամյա Արա Ստեփանյանն է (քաղաք Արարատ), որը հանդես գալով 10-12 տարեկանների տարիքային խմբում, արժանացել է «Little Mister World» տիտղոսին: Վերջինս նվաճել է նաեւ գրան պրի մրցանակը: Բացի այդ` Հայաստանը ներկայացնող երկու մասնակից արժանացել են հատուկ մրցանակների:
Արա Ստեփանյանը նվաճել է «Best National Costume» (լավագույն ազգային հագուստ), իսկ նույն տարիքային խմբում հանդես եկած Էլեն Գասպարյանը` «Best Art Costume» (լավագույն էկո հագուստ) հատուկ մրցանակները (հագուստների հեղինակը դիզայներ Քնքուշ Մալխասյանն է): Էլենն արժանացել է նաեւ «Little top model of the World» մրցանակի: Իսկ 10-12 տարեկանների տարիքային խմբում հանդես եկած 12-ամյա Արման Օհանյանը (քաղաք Երեւան) դարձել է «Prince» հատուկ անվանակարգի հաղթող:
Մեր այն հարցին, թե արդյոք նմանատիպ մրցույթները սթրեսային չեն երեխաների համար, Գ. Ասատրյանը պատասխանեց, որ կհամաձայներ մեզ հետ այն դեպքում, եթե խոսքը ցուցադրական շոուների մասին լիներ, բայց, ահա, «Little Miss and Mister World»-ը, որն այս տարի անցկացվել է «Ծաղկող մոլորակ» խորագրի ներքո, ձգտում է իմաստալից դարձնել երեխաների մասնակցությունը այդօրինակ մրցույթներին. «Ստեղծվել էին այնպիսի պայմաններ, որ երեխաները սովորելու բան ունենային: Օրինակ` այս տարի մասնակիցները պետք է մինչեւ մրցույթին ներկայանալը իրենց երկրներում անցկացնեին բնապահպանական ակցիաներ: Հայ մասնակիցներից ոմանք գյուղերում ծառատունկեր են արել, ծառեր են էտել, չիր են սարքել եւ այլն (այդ ամենը նկարահանվել է եւ ներկայացվել ժյուրիի անդամներին): Բացի այդ` նմանատիպ մրցույթները մասնակիցներին հնարավորություն են տալիս հող նախապատրաստել` հետագայում մեծերի մրցույթներին մասնակցելու համար»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ
Հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպության նախաձեռնությամբ hոկտեմբերի 4-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա «Մարդը` բնության մի մասնիկ» խորագիրը կրող հայ-ճապոնական ժամանակակից արվեստի համատեղ ցուցահանդեսը: Այն կգործի մինչեւ հոկտեմբերի 7-ը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: Կներկայացվեն Խաչատուր Մարտիրոսյանի, Աշոտ Հարությունյանի, Հասմիկ Ավետիսյանի, Այակո Ֆուջիմոտոյի, Միձուե Թաքուջիի, հայ եւ ճապոնացի այլ արվեստագետների գեղանկարչական աշխատանքներ:
Նշենք, որ հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպությունը, համագործակցելով Ճապոնիայի «Գալերիա Գինձա Ի Չոմե» ցուցասրահի հետ, արդեն մեկ տասնամյակ է, ինչ անհատական եւ խմբակային համատեղ ցուցահանդեսներ է կազմակերպում Հայաստանում եւ Ճապոնիայում: Ցուցադրությունների նպատակն է հայ արվեստասերներին ծանոթացնել Ճապոնիայի ժամանակակից արվեստին եւ փոխադարձաբար ճապոնացի արվեստասերներին՝ հայ ժամանակակից գեղանկարչությանը:

 

 

ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԱՍՏՂԵՐԸ
«Էրեբունի¬Երեւան» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 8-ին «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ն անցկացնելու է աստղադիտում-միջոցառում Վերնիսաժի տարածքում` Գարեգին Նժդեհի արձանի հարեւանությամբ: Ինչպես տեղեկացնում է հասարակական կազմակերպությունը, ներկա գտնվողները միջոցառման ընթացքում հնարավորություն կունենան բարձրակարգ աստղադիտակներով դիտելու Լուսինը, Երեւակը, Արուսյակը, որոշ աստղակույտեր եւ գալակտիկաներ` համապատասխան լուսային պայմանների առկայության դեպքում: Մասնակիցները կարող են ներկայանալ նաեւ սեփական աստղադիտակներով։ Աստղադիտակներից օգտվելն անվճար է:

 

 

ԼՔԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՆ
Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզի հյուրանոցներից մեկի համարում իր դեմ իրականացված զինված հարձակումից հետո շտապել է մասնավոր ինքնաթիռով լքել Ֆրանսիան: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ կողոպուտը տեղի էր ունեցել հոկտեմբերի 3-ի գիշերը այն հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր Քարդաշյանը: Reuters գործակալության տվյալներով` նրանից հափշտակել են զարդատուփ` հինգ¬վեց միլիոն եվրո արժողությամբ զարդերով, եւ չորս մլն եվրո գնահատվող մատանի: Կողոպտիչները նաեւ տարել են երկու շարժական հեռախոս: Ավազակային հարձակմանը մասնակցել է ոստիկանական համազգեստով հինգ դիմակավոր մարդ: Նրանք կապկպել են Քարդաշյանին եւ փակել լոգարանում: Հեռուստաաստղի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա չի տուժել, սակայն հայտնվել է շոկային վիճակում:
Հավելենք, որ Քարդաշյանի ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, հարձակման պահին եղել է Նյու Յորքում: Միջադեպի մասին տեղեկանալուց հետո նա չեղարկել է համերգն ու մեկնել Փարիզ:




Լրահոս