Մտածում են` ընկել եմ փող աշխատելու հետեւից. ի՞նչ մեծ անակնկալ է պատրաստում Կամո Սեյրանյանը երկրպագուների համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուդուկահար Կամո Սեյրանյանը պատրաստվում է 2017-ին Երեւանում ներկայանալ մեծ մենահամերգով, որի ընթացքում հանդես կգան նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Լոս Անջելեսի «Forbidden Saints» խումբը (վերջինս ազգային տարբեր պատկանելության եւ տարբեր տարիքի հանդիսականի առաջ ներկայացել է աշխարհի մի շարք բեմերում):

14825803_1180007278747003_773784831_n

«Համերգին հրավիրված է լինելու 100-120 երաժիշտ, որոնց մի մասին բախտ է վիճակվել նվագակցել աշխարհահռչակ հույն երաժիշտ Յանիին: Բավական խիտ ծրագիր ենք պատրաստում, որի շրջանակում ներառված են միջնադարյան, ժողովրդական գործերից մինչեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները` նոր գործիքավորմամբ, դասական մոտեցումներով: Օրինակ` քոչարին ներկայացնելու ենք ակումբային ռիթմերով»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց դուդուկահարը:
Կ. Սեյրանյանը պատմեց, որ երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանն իր համար մի ստեղծագործություն է հեղինակել, որը կոչվում է «Կարոտ»: Այն եւս կհնչի մենահամերգի ընթացքում: Բացի այդ` դուդուկահարը մի անակնկալ է պատրաստում երգիչ, երգահան Հայկոյի համար. «Նա դեռ չգիտի իր գլխի գալիքը (ծիծաղում է): Պատրաստվում եմ նոր գործիքավորմամբ ներկայացնել «Սպանված աղավնի» եւ «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմերի սաունդթրեքերը (հեղինակ` Հայկո): Պատկերացնո՞ւմ եք` ինչ հետաքրքիր կստացվի, եթե լատինոամերիկյան ոճը ներկայացնող երաժիշտներն իրենց ձեռագիրը դնեն այդ գործերի մեջ»,-մեկնաբանեց դուդուկահարը:

14799743_1180007275413670_284321078_o

Մենք նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք Կամո Սեյրանյանը երկրպագուների համար նոր տեսահոլովակ պատրաստում է. «Մեկ տարի է` տեսահոլովակ չեմ ներկայացրել, մարդիկ երեւի մտածում են` ընկել եմ փող աշխատելու հետեւից, մոռացել եմ, բայց դա այդպես չէ: Մտադիր եմ հանդիսատեսի դատին հանձնել երաժշտություն` Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» ստեղծագործության հիման վրա»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս