Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները հանդիպել են «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների շրջանակում Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովի և դումայի անդամ, մի շարք հանձնաժողովների ղեկավարների հետ:
Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրել է ավագանու կողմից տարվող աշխատանքները, ինչպես նաև գործող հանձնաժողովների գործառույթները. «Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Երևանում: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները երկուստեք կնպաստեն ինչպես քաղաքների, այնպես էլ կառույցների միջև համագործակցության զարգացմանը: Երևանի ավագանին իր լիազորությունների չափով ևս պատրաստ է աջակցելու քաղաքային իշխանությունների փոխգործակցության ընդլայնմանը»:
Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, իր հերթին ներկայացրել է դումայի կողմից իրականցվող ծրագրային քաղաքականությունը: Նաև հույս հայտնել, որ առաջիկայում Երևանի ավագանու հետ համագործակցությունը կլինի առավել առարկայական:
Հանդիպման ավարտին մոսկովյան կողմը Երևանի ավագանու անդամներին հրավիրել է Մոսկվա՝ տեղում ծանոթանալու իրենց փորձին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն