Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի մեկնարկը տրվեց Արարատի մարզ Նոր Խարբերդ համայնքում հանրային իրազեկման միջոցառումների շարքով։
«Երեխաների խոսքի ուժը» ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները զարգացնել երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտանքային մտածողությունը, բարձրացնել ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ։ Ծրագիրը կիրականացվի Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ, Եղեգնաձոր, Վայք, Իջևան և Դիլիջան համայնքներում։
Ծրագրի շրջանակում հանդիսավոր արարողությամբ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, որը կխթանի երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացը Հայաստանում:
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ողջունելով ներկաներին նշեց. «Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Կրթվելու և զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ երեխան է հանդիսանում համայնքի զարգացման երաշխիքը և պետության վաղվա քաղաքացին։ Մեզ համար, հատկապես կարևոր է այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են ապագայի կերտմանը»:
«Մանկական զարգացման հիմնադրամի և Beeline-ի համագործակցությունը գնալով ընդլայնվում է՝ նորանոր փոփոխություն մտցնելով Հայաստանի երեխաների և երիտասարդների կյանքում: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս մարզերում աջակցել Տեղական ինքնակառավարման մարմիններին, նպաստել երեխաների պաշտպանության համակարգի համայնքային մակարդակում գործող Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների արդյունավետ աշխատանքին»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Հավելենք նաև, որ Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաև անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։