ՊԵԿ-ՈՒՄ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՆ ՓՈԽՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին հատկապես առեւտրականների շրջանում ակտիվորեն քննարկվում է, այսպես կոչված, «կարգոների» փակվելու լուրը: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք առեւտրականներն իրենց բեռը հանձնում են ձեռքբերման երկրում եւ ստանում Հայաստանում` ծառայության համար վճարելով, ըստ բեռի քաշի, 6-8 դոլար՝ մեկ կիլոգրամը: Բայց պարզվում է` «կարգոների» հետ կապված խնդիրն իրականում միտումնավոր է այլ կոնտեքստում շրջանառվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանը ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո «կարգոներին» զգուշացրել է, որ այսուհետ իրենք երկու հարկ չեն վճարելու նախկին սկզբունքով: Բանն այն է, որ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք գործել է հարկման 2 տարբերակ. մեկը վճարվել է պետբյուջե, իսկ մյուսը, այսպես կոչված, «սեւ կասա»: Եւ հիմա «կարգոներին» զգուշացվել է, որ գումարը վճարվելու է միայն պետբյուջե: Այսինքն` առեւտրականների վճարած գումարները որեւէ կերպ չեն ավելանա: Բայց այս հեռանկարը «կարգոների» նախկին գործելաոճի հետ հարաբերություն ունեցող որոշակի շրջանակների համար, բնականաբար, ձեռնտու չէ, դրա համար էլ նրանք շրջանառության մեջ են դրել լուրերը, թե «կարգոներն» ընդհանրապես փակվում են, ինչը առեւտրականների շրջանում կարող է լուրջ դժգոհություններ առաջացնել:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը երեկ ներկայացրել էր Վարդան Հարությունյանի ունեցվածքը, որտեղ նշել էինք, որ նա 309 մլն դրամի բաժնետոմս ունի: Մեզ հաջողվեց պարզել, որ նրան է պատկանում «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 25,2 տոկոսը: Նշենք, որ «Գլաձոր ՈւՎԿ»-ն փաստացի կարելի է որակել որպես «գազի աշխատողների» կողմից հիմնադրված ընկերություն: Բանն այն է, որ ընկերության խորհրդի նախագահ Ալբերտ Խաչատրյանը «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալն է, խորհրդի անդամ Նիկոլայ Գաբրիելյանը, որը «Գլաձոր ՈւՎԿ»-ի ամենամեծ` 49,84 տոկոս բաժնեմասի փայատերն է, «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենն է եւ այսպես շարունակ: Ասել է թե` «գազային գումարները» պտտեցվում են վարկային կազմակերպության միջոցով:

 

 
Եկող տարվա գարնանը Հայաստանում իսկական ընտրական բում է սպասվում: Փաստորեն նոր` փոփոխված Սահմանադրությամբ քաղաքական մեծ նշանակություն ունեցող եւ մեծ տարածք ընդգրկող ընտրությունները չորսն են. խորհրդարանական, Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները: Վերջին երկուսը արդեն տեղի են ունեցել, իսկ մյուս երկուսը` խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, պետք է տեղի ունենան եկող տարի գարնանը: Ավելին՝ երբ «Ժողովուրդ» օրաթերթը օրենսդրության պահանջները եւ ընտրությունների ժամկետները համադրեց, ստացվեց, որ խորհրդարանական ընտրությունները դեռ չվերջացած սկսվելու են Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական գործընթացները, մասնավորապես թեկնածուների առաջադրումը: Արդյունքում, հատկապես Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության խնդիրն ընդդիմադիր քաղաքական ուժերի համար բավական բարդ լուծելի է լինելու: Իսկ թե որ քաղաքական ուժերը կկարողանա այդ վիճակից պատվով դուրս գալ, ցույց կտա ժամանակը:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը օրերս հայտարարեց, որ իրենք օրենսդրական նախագիծ են պատրաստում, որի ընդունվելու դեպքում պետական պաշտոնյաներին կարգելվի ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահ լինել: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչպես է վերաբերվում այդ նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ ԵՊՀ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: «Նախաձեռնությանը մոտենում եմ միանգամայն հանգիստ, եթե կա բացառություն, որը մեզ անհրաժեշտ է, եթե երկրի նախագահին չվերաբերի, որովհետեւ մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը երկրի նախագահն է, դա առանձնահատուկ կարգավիճակ է»,- պատասխանեց Սիմոնյանը: Բայց երբ նրանից հետաքրքրվեցինք, թե այսինքն՝ ինքը դե՞մ է, նա ավելի հիշեց, որ ինքը չի կարող դեմ լինել: «Ես դեմ արտահայտելու ինչ բան ունեմ, ինչ իրավասություն ունեմ, եթե կառավարությունը այդպիսի որոշում ընդունի, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, ես արտահայտում եմ իմ կարծիքը»,- պատասխանեց Սիմոնյանը:

 

 
Վերջին օրերին քաղաքական շրջանակներում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀԱԿ-ը բանակցում է Գագիկ Ծառուկյանի հետ` ԲՀԿ-ի հետ համագործակցված, դաշինքով ԱԺ ընտրություններին մասնակցելու շուրջ: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից, որն ասաց, թե նման բան չկա: Սակայն նման բանակցության հնարավորությունը չբացառեց. «Հնարավոր եմ համարում ցանկացած ուժի հետ բանակցություն, ով իր առջեւ խնդիր է դնում իրական իշխանափոխության»: Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն էլ նշված լուրերի առնչությամբ ասաց. «Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ում վառ երեւակայության մեջ են այդ լուրերը ծնվում եւ հետո համապատասխանաբար շրջանառության մեջ դրվում: Ինչ-որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում էր փոխանցել քաղաքականություն վերադառնալու թեմայի հավանականության վերաբերյալ, ինքն արդեն իսկ ասել է: Այս պահին ես նման գործընթացի մասին որեւէ տեղեկատվություն չունեմ, այսինքն՝ գործնական գործընթացի, որի մասին դուք հիմա մատնանշում եք»:

 

 

 
ԱՆԿԵՂԾՈՐԵՆ
Արաբական հայտնի Al Jazeera հեռուստաընկերությունը ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի մասին «Պառակտվա՞ծ Հայաստան» վերնագրով ֆիլմ է նկարահանել, որում խիստ ուշագրավ մեկնաբանություններով է հանդես եկել նաեւ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին եւ առաջադրած պահանջներին՝ նա, մասնավորապես, ասել է. «Նրանց պահանջը ոչ թե Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակելու մասին էր, այլ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելու մասին էր»: Փաստորեն, Ս. Սարգսյանը այդպիսով բացահայտում է, թե որքան լուրջ են եղել իշխանությունը կորցնելու իր մտավախությունները: Քանի որ ո՛չ «Սասնա ծռերի», ո՛չ էլ անձամբ Սէֆիլյանի կողմից չի եղել հենց Սէֆիլյանին իշխանության բերելու հրապարակային պահանջ: Եղել է Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջ, որից, ինչպես հիշում ենք, Սէֆիլյանը հրաժարվել էր, թեեւ այդ հարցը բավականին շահարկվեց հաջորդող օրերին: Ինչեւէ. Սարգսյանը անդրադառնում է նաեւ «Սասնա ծռերի» մյուս պահանջին. «Երկրորդ պահանջը նրանց այն էր, որ բանակցություններում մենք շատ կոշտ դիրքորոշում ունենանք եւ ոչ մի միլիմետր հող երբեք չհանձնենք»: Դատելով այն իրողությունից, որ «Սասնա ծռերի» անդամներին, չնայած մինչ այդ տրված խոստումներին, փորձ է արվում ամենայն խստությամբ պատժել, կարող ենք եզրակցնել, որ «ոչ մի միլիմետր հող չհանձնելու» «Սասնա ծռերի» պահանջը Սերժ Սարգսյանի համար անընդունելի է: Ասել է թե՝ ընդունելի է հակառակ՝ հող հանձնելու դիրքորոշումը: Այս հայտարարությամբ, փաստորեն, Սարգսյանն անուղղակիորեն հաստատում է, որ «Սասնա ծռերի» եւ տարածքների հանձնման մասին ահազանգողների մտահոգությունները միանգամայն տեղին էին, եթե չասենք՝ ավելին:
Հուլիսյան իրադարձությունների հետ կապված Սարգսյանի հաջորդ մեկնաբանությունը եւս ոչ պակաս հատկանշական է: Անդրադառնալով հուլիսի 29-ի Սարի թաղի դեպքերին՝ նա ուղղակիորեն արդարացրել է այդ բիրտ գործողությունները, որոնց համար, ի դեպ, նա օգոստոսի 1-ին լրագրողներից ներողություն էր խնդրել. «Ի՞նչ պիտի աներ ոստիկանությունը: Ամբողջ աշխարհով մեկ ընդունված է, որ ավելի մեծ հանցագործությունը կանխելու նպատակով պետք է ուժ կիրառել: Բա չկիրառե՞ր ոստիկանությունը ուժ: Այո՛, ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ եւ նա պարտադրված է եղել կիրառելու այդ միջոցները»:
Սակայն այս ֆիլմում Սարգսյանի, թերեւս, ամենաուշագրավ հայտարարությունը վերաբերում է Ռուսաստանին: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի ռազմատեխնիկա վաճառած ՌԴ-ն լավ դաշնակից է ՀՀ-ի համար, Սարգսյանն ասում է. «Չգիտեմ՝ լավ եւ վատի մասին իմաստ ունի՞ արդյոք խոսել: Բայց պիտի ասեմ, որ ՌԴ-ն նաեւ մեզ հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության մեծ ծրագիր: Իհարկե, եթե մենք լինեինք, մենք երբեք մեզ թույլ չէինք տա մեր դաշնակցի հետ հակամարտող կողմին զենք վաճառել»: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:




Լրահոս