ՌԴ իշխանություններն արդեն բացահայտ են խոսում դեպի ԽՍՀՄ վերադառնալու իրենց տեսլականների մասին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՅՈւՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Է. Միտրոֆանովան, անդրադառնալով ռուսաց լեզվի տարածվածության խնդրին, նախօրեին ասել է. «Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզվին պետք է հատուկ՝ օրենսդրական կարգավիճակ տալ: Այս հարցը պետք է լինի ՌԴ արտաքին քաղաքական օրակարգում»: Այսպիսով՝ իրենց կայսերապաշտական նկրտումները հետզհետե ավելի անկաշկանդ դրսեւորող ՌԴ իշխանություններն արդեն բացահայտ են խոսում դեպի ԽՍՀՄ վերադառնալու իրենց տեսլականների մասին, ինչը միանգամայն սպասելի պետք է համարել՝ հիշելով դեռեւս 2011 թ. Վ. Պուտինի հայտարարությունը, թե ԽՍՀՄ փլուզումն ինքը համարում է 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը: Իհարկե, դժվար թե ՌԴ այս նկրտումները հնարավոր լինի բավարարել նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասում, սակայն կոնկրետ Հայաստանի դեպքում, դատելով մեր իշխանությունների գերկրավորական վարքագծից, նման հեռանկարը միանգամայն հնարավոր է:

Հիշեցնենք, որ ռուսաց լեզվին ԵՏՄ-ում հատուկ՝ աշխատանքային լեզվի կարգավիճակ տրամադրելու մասին դեռեւս 2013-ին խոսել էր ՀՀ այն ժամանակվա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Իհարկե, նրա այդ հայտարարությունը փորձ արվեց ներկայացնել որպես դիվանագիտական քայլ, թեեւ ամենեւին ոչ համոզիչ կերպով: Իսկ քիչ ավելի ուշ՝ 2014 թ. ռուս լրագրող Դ. Կիսելեւը ՀՀ ԱԺ-ում իր դժգոհությունն էր հայտնել առ այն, որ ՀՀ-ում տաքսիստները բավականաչափ վարժ չեն տիրապետում ռուսաց լեզվին՝ սպառնալով, թե եթե այս խնդիրը չկարգավորվի, դա կազդի ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա: Կիսելեւի այս եւ այդ օրն արված այլ անընդունելի հայտարարություններին հակադարձելու փոխարեն հայ իշխանավորները, ինչպես միշտ, շտապեցին խմբագրել ռուս լրագրողի ասածը՝ փորձելով ապացուցել, որ «նա ուղտ չէ»:

Եվ հիմա էլ, դատելով ՀՀ ԱԳՆ արձագանքից, ռուսներին հակազդելու ՀՀ իշխանությունների ֆիզիոլոգիական անկարողության մեջ ոչինչ չի փոխվել: Մասնավորապես ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով այս հայտարարության շուրջ «Ազատության» հարցին, փոխանակ անմիջապես հղում կատարելու ՀՀ Սահմանադրությանը եւ Լեզվի մասին օրենքին, ինչ-որ կցկտուր պատասխան է տալիս՝ ասելով, թե իրենց դիրքորոշումը չի տարբերվում Սերժ Սարգսյանի դիրքորոշումից: /Կարելի է կարծել, թե կարող էր եւ տարբերվել/: Հարցին, թե երբ է Սարգսյանը այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել, Բալայանը նշում է նույն Կիսելեւին տրված վերջին հարցազրույցը, որտեղ ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ ոչինչ ասված չէր:

Բայց այստեղ խնդիրը ոչ թե Սարգսյանի դիրքորոշումն է, այլ այն, որ ՀՀ-ում որեւէ պաշտոնյա չի համարձակվում որեւէ հարցի շուրջ ինքնուրույն դիրքորոշում արտահայտել՝ առանց Սարգսյանի ցուցման: Իսկ Սարգսյանն էլ իր ստեղծած այս կամակատարային համակարգի պատճառով դառնում է այնքան խոցելի ու թույլ, որ ստիպված է լինում մեկ գիշերում երկրի համար ճակատագրական որոշումներ ընդունել:




Լրահոս