ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՄԻՊ գրասենյակի դիմաց

Երեկ մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ՄԻՊ գրասենյակի դիմաց եւ իրենց բողոքն էին ներկայացնում առ այն, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում: Նա ունի օգնության կարիք: ՄԻՊ գրասենյակից ընդունեցին քաղաքացիներին եւ նամակն ընդունելուց հետո պարզաբանեցին, որ իրենք զբաղվել են Հովհաննես Հարությունյանի վիրահատության խնդրով, եւ իրենց ասել են, որ նա այս փուլում վիրահատության կարիք չունի, իսկ իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերը պատրաստ են տրամադրել, եթե փաստաբանները գրավոր դիմեն:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անձի բժշկասոցիալական վերափորձաքննությունն ընդհանրապես ի՞նչ կարգով է իրականացվում:

Ալիսա Գեւորգյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ՝
ա) անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու կամ անձի առողջական վիճակը վատթարանալու դեպքում
բ) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ՝ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում
գ) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա:
(Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետ)

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նաեւ հանձնաժողովի նախագահին ներկայացված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա՝ ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ձեռնարկության լուծարման գործընթացն ի՞նչ կարգով է տեղի ունենում: Ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքերում է իրականացվում ձեռնարկությունների կամավոր լուծարումը:

Անի Օհանյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գոյություն ունեն ձեռնարկությունների լուծարման մի քանի տեսակներ՝ պաշտոնական լուծարում եւ ոչ պաշտոնական լուծարում:
Ոչ պաշտոնական լուծարումն իրականացվում է տնօրենի փոխարինման կամ վերակազմակերպման ճանապարհով: Ձեռնարկության լուծարումը գործունեության դադարեցման ձեւ է առանց իրավահաջորդության կարգով իրավունքների եւ պարտականությունների այլ անձանց փոխանցման: Ձեռնարկությունների պաշտոնական լուծարումը կարող է լինել կամավոր եւ հարկադրված:
Դատարանի որոշմամբ ընկերությունների հարկադրված լուծարում իրականացվում է հետեւյալ դեպքերում.
– գործունեության իրականացում առանց անհրաժեշտ թույլտվության,
– օրենքով արգելված գործունեության իրականացում,
– գործունեության իրականացում օրենքի կամ այլ իրավական ակտերի շարունակական կամ կոպիտ խախտումներով,
– օրենքով նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքերում:
Ձեռնարկության կամավոր լուծարման մասին որոշումը, որպես կանոն, ընդունվում է, եթե կազմակերպության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրներ են ծագում:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ձեռնարկությունների կամավոր լուծարումը սկսվում է հիմնադիրների կամ բաժնետերերի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո: Այդ որոշումը ստորագրվում է Ընկերության կանոնադրական կապիտալում բաժին ունեցող կա՛մ ՓԲԸ-ի, կա՛մ ԲԲԸ-ի վերահսկիչ փաթեթը տնօրինողների կողմից:




Լրահոս