Հարց քաղաքացիներից` ի՞նչ կարգով է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը բուհերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը բուհերում:

Ջուլիա Մաթեւոսյան (30 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
2) օտար լեզու եւ ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.
4) ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3 x 4 չափսի).
5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ասպիրանտուրայում ընդունելությունն իրականացվում է ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության եւ ուսուցման, դոկտորանտուրայի եւ հայցորդության ձեւակերպման կարգի» համաձայն: Նշենք նաեւ, որ ԵՊՀ ասպիրանտուրայի առկա եւ հեռակա համակարգ կարող են ընդունվել բարձրագույն կրթություն ունեցող, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք:




Լրահոս