Նոյեմբերի 20-ին հերթական սպանությունն էր տեղի ունեցել Երեւանում: Հրազենային վիրավորումից մահացել էր 52-ամյա Սամվել Արշակյանը:
«Ժողովուրդ»-ին կատարվածի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով՝ մահացել է: Համաձայն բժշկական տեղեկանքի՝ հրազենային վնասվածքները տեղակայված են եղել կրծքավանդակի հետին անութային գծով ձախից, որովայնի ձախ կեսի փուշելունից 4 սմ վերեւ եւ ձախ ազդրի վերին երրորդի մակարդակով՝ միջանցիկ վիրավորում:
Ս. Արշակյանը սպանվել է արտասահմանյան մակնիշի հրազենից: Հարուցվել է քրգործ՝ սպանության եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Պաշտոնապես չի հաղորդվում՝ կա՞ կասկածյալ կամ հետախուզվող անձ, նշվում է միայն, որ իրականցվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Լուկաշին փողոցի 24-ամյա բնակիչ Աշոտ Բաղդասարյանը, ով ձերբակալվել է: Սույն երիտասարդը բնակվել է սպանվածի հարեւանությամբ: Ու պարզվում է, որ կատարվածը խոր արմատներ ունի: Լուկաշին փողոցի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ կասկածյալի եւ սպանվածի միջեւ տարիներ առաջ տարաձայնություններ են եղել, որոնք կապված էին Ս. Արշակյանի որդիների հետ: Ասել է, թե տաքարյուն երիտասարդները տարիներ շարունակ չլուծված խնդիրներ են ունեցել, որը ողբերգությամբ է ավարտվել:
Օդում կախված տեղեկությունների համաձայն՝ գնդակն իրականում «ուղղված է եղել» սպանված տղամարդու որդիներին, որոնք, ըստ շրջանառվող գնահատականների, հայտնի են իրենց կռվարար համբավով: Ըստ երեւույթին, հայրը տուժել է որդիների պատճառով: Այս վարկածը դեռեւս պաշտոնապես ճշտել չհաջողվեց, սակայն համառ լուրերն այն մասին, որ դժբախտության պատճառը եղել է չպարզված հին կռիվը, հիմնական վարկածներից մեկն է:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ կասկածյալը ապահովված ընտանիքի զավակ է: Շրջապատում հայտնի է իր հղփացած պահվածքով: Տեղեկություններ կան, որ երիտասարդը եղել է ոստիկանության ակադեմիայի սաներից: Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց նաև, որ այժմ նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ԾԻԳ-ի աշխատակից է
Լիդա Եղիազարյան