Երկար սպասված ներում Սերժ Սարգսյանից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս սեպտեմբերի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համաներումից բացի՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անհատական ներումներ շնորհել մի շարք դատապարտյալների, որոնց վրա համաներումը չի տարածվելու, կամ անհրաժեշտ կլինի ավելի վաղ ազատ արձակել: Եւ ահա երեկ հայտնի դարձավ, որ խաղաղապահ զորքերի նախկին ծառայող, մեկ տարի չորս ամիս անազատության մեջ գտնվող Դավիթ Հակոբյանին Սերժ Սարգսյանը ներում է շնորհել:

2012թ.-ին խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, վիրահատել են, ինչն անհաջող է անցել: 2-րդ անգամ վիրահատելուց հետո  երիտասարդն ընկել է կոմայի մեջ: Երբ 10 օր անց արթնացել է, ձախ կողմը պարալիզացված է եղել: Պաշտոնապես ասվել է, թե երիտասարդն ինսուլտ է ստացել, սակայն հոսպիտալից դուրս գործունեություն ծավալող մասնագետները հայտնել են, թե նյարդերն են վնասվել վիրահատության ժամանակ: ՊՆ-ում էլ տարիներ շարունակ հորդորել են չբողոքել բժշկի դեմ՝ խոստանալով բուժում արտերկրում, սակայն խաբել են:

Դավիթ Հակոբյանն էլ 2015թ. հուլիսի 21-ին՝ ժամը 10:53-ին, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի իր տանից, իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է 1-02 հեռախոսահամարին եւ սուտ հաղորդում տվել այն մասին, թե իբր ՀՀ պաշտպանության նախարարությունում` Սեյրան Օհանյանի «կաբինետում ռումբ կա տեղադրված»: Այս զանգից հետո առաջին կարգի հաշմանդամ Դավիթ Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման:

Սեյրան Օհանյանի հեռանալուց եւ Վիգեն Սարգսյանի ՊՆ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը ներում է շնորհել երիտասարդին՝ 2 ամիս շուտ ազատ արձակելով նրան: Հուսանք՝ նաեւ կբուժվի պետության միջոցներով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս