Խանութի պայթեցումը վրեժխնդրությա՞ն արդյունք. ինչ կապ ունի այն 27-ամյա երիտասարդի սպանության փորձի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորում «Վիպ Մարկետ» խանութի պայթեցումն անմիջական կապ ունի նույն օրը րոպեների տարբերությամբ տեղի ունեցած 27-ամյա Դավիթ Քոչարյանի սպանության փորձի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ խանութի պայթեցումը վրեժխնդրության արդյունք է, որը երկար տարիների պատմություն ունի:

Քաղաքում տարածված խոսակցությունների համաձայն՝ Դ. Քոչարյանը գիշերը պայթեցրել է խանութը, ինչից հետո խանութի տերերը հետապնդել են նրան ու կրակել խանութից մի քանի մետր հեռավորության վրա՝ այն նույն վայրում, որտեղ 2008թ. Դ. Քոչարյանը հրազենով մարդ էր սպանել: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ առաջինը կրակել են Դավիթի վրա, ում հարազատներն էլ հենց պայթեցրել են խանութը: Վանաձորում դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հրազենային վնասվածք ստացած Դավիթ Քոչարյանը Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի նախկին տեղակալ Կորյուն Քոչարյանի որդին է, ով դեռեւս 2008թ. նոյեմբերի 24-ին իր պապին պատկանող ավտոմեքենայով հետապնդել էր 23-ամյա Վահան Թոփալքարաջյանին եւ Ուսանողական փողոցի վրա ավտոմեքենայից 1,5մ հեռավորությունից կրակել վերջինիս վրա: Սակայն չբավարարվելով այդքանով՝ դուրս էր եկել ավտոմեքենայից եւ եւս 3 անգամ կրակել նրա մարմնին ու գլխին, ապա նույն ավտոմեքենայով դիմել փախուստի:

Դեպքից հետո արդեն տեղեկություններ տարածվեցին, որ նա այդ քայլին է դիմել վրեժխնդրությունից ելնելով, քանի որ 23-ամյա Վահանը նախկինում նրան մի քանի անգամ ծեծել է: Դ. Քոչարյանը սպանված Վահանի հետ ծանոթացել էր ՀՊՃՀ-ի՝ Վանաձորի մասնաճյուղում ուսանելու տարիներին: Դ. Քոչարյանը, մեղավոր ճանաչվելով ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի առաջին մասով, դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Նա վերջերս էր ազատ արձակվել:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանված Վ. Թոփալքարաջյանը եղել է «Վիպ Մարկետ» խանութի տնօրենի մտերիմ ընկերը: Թաղամասի բնակիչները մինչ օրս, Վահանի մասին խոսելիս, նրան բնութագրում են որպես հավասարակշիռ եւ դաստիարակված երիտասարդի: Ի դեպ, պայթեցված խանութ-սրահի տնօրինությանը եւս թաղամասի բնակիչները դրական են բնութագրում այնքան, որ պայթեցման օրն արդեն աջակցություն էին ցուցաբերում սեփականատերերին առեւտուր անելու եւ վնասի հետեւանքները վերացնելու ուղղությամբ:

Թե՛ խանութի պայթեցման, թե՛ Դավիթ Քոչարյանի վրա կրակելու դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Երկու դեպքով էլ որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ: Վանաձորցիները կարծում են, որ տարիներով եկած վրեժխնդրությունը դեռ շարունակություն է ունենալու:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լոռի




Լրահոս