Վարչապետի հերթական հանձնարարականները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև տարեվերջ ավարտել և ամփոփել նախորդ նիստերին տրված բոլոր հանձնարարականները:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ամփոփել և հաշվետվություններ ներկայացնել 2016թ. վերաբերյալ, վերանայել 2017թ. միջոցառումների ծրագրերն ու գերակա խնդիրները:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին գործադիրի ղեկավարը հանձնարարել է ավարտել մարզերի անձնագրի ձևավորումը, որտեղ կամրագրվեն մարզը բնութագրող ցուցանիշները: «Կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը՝ համայնքների բյուջեների համեմատության և վերլուծության առումով: Ինչ նկատի ունեմ՝ երկու օր առաջ Վայոց ձորի և Արարատի մարզեր կատարած այցելությունների ժամանակ՝ համայնքների բյուջեի, բնակչության քանակի համեմատությունները տալիս են բավական լուրջ ինֆորմացիա, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել համայնքային բյուջեների հնարավորությունների վերաբերյալ: Մարզպետներին, համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել, որ յուրաքանչյուր համայնքի բյուջեն վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ և հայտնաբերվեն այն համամասնությունները, որոնց հիման վրա կձևավորվի համայնքի բյուջեն»,-նշել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վարչապետը հանձնարարել է քննարկել Զբոսաշրջության պետական կոմիտեի և Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացրած առաջարկությունները՝ վիզաների հայեցակարգի վերաբերյալ. «Խնդրում եմ քննարկեք այդ հարցը և լուծում տվեք: Նաև համեմատեք մեր հարևան երկրների վիզաների տրամադրման կարգի հետ»:

Մանրամասները  տեսանյութում:




Լրահոս