ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես կայացրեց իր որոշումը` երկրի արտաքին հարաբերությունների պատասխանատուի պաշտոնում նշանակելով ExxonMobil-ի գործադիր ղեկավար Ռեքս Թիլլերսոնին: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում վերջինիս նշանակումը, սակայն, միանշանակ չընդունվեց ո՛չ մամուլի, ո՛չ էլ Թրամփի հանրապետական կուսակիցների կողմից: Ըստ էության, ԱԳ նախարարի նշանակումը ներքին եւ արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերից է, որտեղ նախագահները, օժտված լինելով արտակարգ լիազորություններով, միաժամանակ նույնպիսի ճնշման ներքո են թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանների կողմից:
Հարկ է նախ արձանագրել, որ Ռեքս Թիլլերսոնի նշանակումը միանգամայն հակասական զգացումներ է առաջացրել ամերիկյան շրջանակներում: Այս գործիչը ղեկավարում էր աշխարհում նավթի ու գազի ամենամեծ վաճառքն իրականացնող կազմակերպությունը: Բնույթով նա կրկին գործարար է, եւ որ ամենահետաքրքիրն է` Ռուսաստանի հանդեպ բավականին մեղմ, եթե ոչ գործընկերային է տրամադրված: Նկատելի է, որ Թրամփի այսպիսի ընտրությունը սառը ցնցուղ էր նաեւ հանրապետական կուսակցության վերնախավի համար, որոնք համոզված էին, որ ԱՄՆ պետքարտուղար պիտի նշանակվեր իրենց նեղ շրջապատից մեկը, օրինակ` Միթթ Ռոմնին, Ջոն Բոլթոնը, Ռուդի Ջուլիանին: Ի դեպ, Թրամփը բոլոր հավակնորդների միջից երկրորդ անգամ հանդիպել էր միայն Ռոմնիի հետ, որից հետո վերջինս լիովին փափկեցրել էր իր քննադատական տրամադրությունը եւ արդեն գովաբանում էր նախկինում իր ծայրահեղ քննադատությունների թիրախը դարձած Թրամփին: Հատկապես երկրորդ հանդիպումն ու դրա մասին հրապարակային հայտարարությունը վերլուծաբաններին թույլ էր տվել այլեւս վստահ լինել, որ Ռոմնին է լինելու ԱՄՆ նոր պետքարտուղարը: Սակայն վերջին երկու օրերին Թրամփի թիմակիցները լուրեր էին տարածում, որ նորընտիր նախագահը կողմնորոշվել է հօգուտ բիզնես միջավայրի ներկայացուցիչ Թիլլերսոնի:
Եվ ահա տեղեկատվության պաշտոնական հաստատումից անմիջապես հետո հանրապետականները սկսեցին բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին: Հիշատակելի է հատկապես հանրապետականների շրջանում «ոսկե երիտասարդի» համարում ունեցող Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյի տեսակետը, որը, ընտրարշավի սկզբում պայքարելով Թրամփի դեմ, ի վերջո, պաշտպանեց գործարարի թեկնածությունը: Լինելով ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, որտեղ դեռ պիտի հաստատվի Թիլլերսոնի թեկնածությունը, Ռուբիոն հայտնել է իր «խորը մտահոգությունների» մասին: Ըստ նրա` թեեւ Թիլլերսոնը հարգարժան գործարար է, սակայն նոր պետքարտուղարը պետք է լինի ԱՄՆ-ի արտաքին շահերը հստակորեն պատկերացնող գործիչ, որը քաղաքական առաջնահերթությունները պիտի ներկայացնի նախագահին ու մեկնաբանի ողջ աշխարհի առաջ: Ռուբիոն խոստացել է Թիլլերսոնի համար ապահովել արդար ու թափանցիկ, սակայն խիստ սենատական լսումներ` ակնարկելով, որ նոր պետքարտուղարի հաստատման հարցում Թրամփը կարող է դժվարությունների հանդիպել:
ԱՄՆ-ի դաշնակից երկրները եւ հատկապես Եվրոմիությունը նույնպես անհանգստացած են Թրամփի այս նշանակումից: Բավական է ասել, որ միջազգային շրջանակներում Թիլլերսոնը հայտնի է «Պուտինի ընկեր» մականունով, ինչն արդեն իսկ հուշում է, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է ակնկալել ռուս-ամերիկյան հարաբերություններում: Եվ ահա նման իրավիճակում զգալիորեն իրական է դառնում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի գլխավորությամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, ինչը չի ընկալվում ԵՄ-ում եւ ԱՄՆ-ի «պատճառով» ՌԴ-ի հետ թշնամացած երկրներում: Աշխարհում սրտատրոփ սպասում են, թե արդյոք սենատական լսումների ժամանակ Թիլլերսոնին կհաջողվի բիզնես շահերը մի կողմ դնել եւ նավթային մագնատից վերածվել պատասխանատու պետական գործչի: Խնդիրն այն է, որ Թիլլերսոնը շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ ունի ռուսական շրջանակների հետ: Նա անգամ «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերության նախագահ, ռուսական քաղաքական շրջանակներում խստագույնս ազդեցիկ Իգոր Սեչինին համարում է իր մտերիմ ընկերը: Ի վերջո, աշխատանքի բերումով Թիլլերսոնը բազմիցս առնչվել է Պուտինին ու ՌԴ պետաքաղաքական ընտրանուն եւ նրանց միջեւ հաստատվել են գործընկերային փոխշահավետ հարաբերություններ: Հետեւաբար, ԱՄՆ թիվ մեկ դիվանագետի պաշտոնում այսպիսի նշանակումը ազդակ է, որ Թրամփը պատրաստվում է ջերմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Թե որքան կտեւի այս ռեւերանսների շրջափուլը, հստակ չէ, բայց որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների նորմալացումը միանշանակորեն դրական կանդրադառնա Հայաստանի վրա, թերեւս կանխատեսելի է:
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես ԱԳ նախարարի նշանակումը մշտական բանավեճերի թեմաներից է, քանզի ԱԳ նախարար է հիմնականում նշանակվում այն գործիչը, որին անձնապես համակրում է նախագահը: Հատկապես նախագահական կառավարմամբ պետություններում ԱԳ նախարարի ու հանրապետության նախագահի կարծիքները գրեթե չպետք է տարբերվեն` արտաքին քաղաքականության ուղենիշներում ունենալով գրեթե նույնական ընկալումներ ու սկզբունքներ: Հայաստանում նախագահ-ԱԳ նախարար հակասություն դրսեւորվել է միայն մեկ անգամ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Թուրքիայում ինքնուրույնաբար բարձրացրել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Պատերազմի տաք կաթսայում գտնվող Հայաստանը, հետապնդելով Թուրքիայի հետ հարաբերությունները շուտափույթ կարգավորելու նպատակ, բնական է, չէր կարող իրեն թույլ տալ արեւմտյան ճակատում նոր խնդիրներ ունենալու պերճանքը: Հետեւաբար լիովին տրամաբանական էր, որ Տեր-Պետրոսյանը Հովհաննիսյանին խնդրել էր հրաժարական տալ: Տեր-Պետրոսյանի ու նրա հաջորդ ԱԳ նախարար Ա. Արզումանյանի արտաքին քաղաքական ընկալումները այն ժամանակ կրկին գրեթե նույնական էին, ինչով եւ բացատրվում է Արզումանյանի հրաժարականը նախագահի հրաժարականին զուգահեռ: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ԱԳ նախարարները նույնպես հնազանդորեն կատարել են իրենց անմիջական ղեկավարների հրահանգները, եւ լուրջ հակասությունների մասին խոսք լինել չի կարող:
Արդ, քաղաքական նեղ օրինաչափությունները հաշվի առնելով` Թրամփը չի շեղվել Թիլլերսոնի նշանակման հարցում, այլ խնդիր է, որ ամերիկյան այլընտրանքների համակարգը կարող է չներել նախագահի՝ նման ինքնագործունեությունը:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՌԱՆՑ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՆԻՐԱՏԵՍԱԿԱՆ է
Հայաստանում գյուղատնտեսության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը գյուղտեխնիկայի սակավությունն է եւ պարկի քայքայվածությունը: Հաճախ ոչ առաջին թարմության մեկ տրակտորը սպասարկում է մի քանի համայնքներ, քիչ չեն նաեւ գյուղերը, որտեղ առհասարակ որեւէ գյուղտեխնիկա չի գործում:
Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկաներից տրակտորների քանակը 2015 թվականին 2014-ի համեմատ 90-ով ավելացվել է: Օրինակ՝ մայրաքաղաք Երեւանում դրանց քանակը անցած տարի կազմել է 922, իսկ 2014 թվականին՝ 912: ՀՀ Արագածոտնի մարզում 2015-ին, 2014 թվականի համեմատ, 24-ով է ավելացել տրակտորների քանակը, Արարատում՝ 6-ով, Արմավիրում՝ 5-ով, Կոտայքում՝ 10-ով, Սյունիքում՝ 2-ով եւ այլն: Միայն ՀՀ Շիրակի մարզում չի ավելացել: Հակառակը՝ այստեղ դրանց թիվը, 2014 թվականի համեմատ, 2015-ին 7-ով նվազել է: Գյուղատնտեսական մյուս տեխնիկաներից հացահատիկային կոմբայնները Հայաստանում անցած տարի, 2014 թվականի համեմատ, 1-ով նվազել են: Արմավիրի մարզում դրանց թիվը 5-ով նվազել է, իսկ Գեղարքունիքում՝ 1-ով ավելացել: Սյունիքի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի մարզում հացահատիկային կոմբայնների թիվը մնացել է նույնը: Դրանք ո՛չ 2014 թվականին են ավելացել, ո՛չ էլ 2015-ին: Իսկ տրակտորային շարքացանները վերոնշյալ ժամանակահատվածում 6-ով նվազել են:
Գյուղատնտեսական տեխնիկայի սակավության եւ մաշվածության պատճառով տասնյակ հեկտարներով բերրի հողատարածքներ մնում են անմշակ: Օրինակ՝ այս խնդրի պատճառով Արմավիրի մարզի Արշալույս, Արտամետ, Բագարան, Լեռնագոգ, Մյասնիկյան, Մերձավան, Մրգաշատ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ, Նորակերտ, Բաղրամյան (Էջմիածնի շրջան) գյուղերում հսկայական հողատարածքներ չեն մշակվում: Այս պայմաններում գյուղատնտեսության զարգացում ակնկալելն անիրատեսական է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Իջեւան քաղաքի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այդ դպրոցի ուսմասվար Գայանե Էդիլյանը: Վերջինս մասնագիտությամբ տարրական դասարանների դասվար է, եւ ավագ դպրոցում չպետք է աշխատեր: Սակայն Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի շնորհիվ նա նշանակվել է այդ կրթօջախի ուսումնական մասի վարիչ: Դեկտեմբերի 16-ին Գայանե Էդիլյանը այդ դպրոցում մանկավարժների ժողով է հրավիրել, որին ներկա չի եղել կրթօջախի նախկին տնօրեն Արմեն Խոջոյանը: Մեր տեղեկություններով՝ Գ. Էդիլյանն այդ ժողովում ասել է, որ ոմանք ահաբեկվել են իր՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց: Առաջիկա 1-3 ամիսների ընթացքում տեղի կունենա Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Նշենք, որ ավագ դպրոցները գտնվում են կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ներքո:
ԿՈՇԻԿՆԵՐԸ՝ ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ
Արդեն տեղեկացրել ենք, որ 2016թ. հունիսի 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 25-ամյա Արսեն Խոջոյանը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել Լոռու մարզի Շնող գյուղում ծնված, Վերին Կարմիրաղբյուրում վերաբնակված 17-ամյա Աստղիկ Հանիսյանին: Անչափահաս աղջիկը ստացած վնասվածքների պատճառով Բերդի բժշկական կենտրոնում մահացել է: Հիշեցնենք, որ Ա. Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից մինչեւ ապրիլի 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում: Ա. Հանիսյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործով մի քանի դատական փորձաքննությունների եզրակացություններն արդեն ստացվել են: Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ա. Հանիսյանի վնասվածքները հասցվել են սուր կտրող-ծակող գործիքով: Ա. Խոջոյանի պաշտպան Աննա Մեջլումյանն ասաց, որ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ Արսեն Խոջոյանը մեղսունակ է ճանաչվել, նա աֆեկտի վիճակում չի գտնվել, քանզի ալկոհոլ օգտագործած վիճակում աֆեկտ չի լինում: Հանրային պաշտպան Ա. Մեջլումյանն ասաց. որ դեռեւս չեն ստացվել նշանակված դատահետքաբանական եւ դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունները: Արսենը նախաքննության ընթացքում ընդունել է իր մեղքը, սակայն նրա մայրը՝ տիկին Սվետան, ով դեպքից հետո լվացել է Արսենի շորերը, ասում է, որ իր տղան անմեղ է, ինքն էլ տղայի շորերը լվացել է ոչ թե արյան հետքերը մաքրելու համար, այլ պարզապես դրանք կեղտոտ էին: Մեր տեղեկություններով՝ սպանության դեպքից հետո տիկին Սվետան լվացքի մեքենայով լվացել է նաեւ Արսենի կոշիկները: Ներկայումս Արսեն Խոջոյանը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ