ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզային դատախազությունում քրեական գործ է հարուցվել հոկտեմբերի 2-ին Վարդենիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների մասով: Բանն այն է, որ Վարդենիսի բնակիչներից շատերը բողոքել են, թե այդ օրը գնացել են ընտրությունների, սակայն իրենց անվան դիմաց արդեն ստորագրված է եղել:
Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանից արդեն տևական ժամանակ է՝ մեկնաբանություն ստանալ չի հաջողվում՝ կամ նա անջատում է հեռախոսազանգերը կամ անտեսում այն: Քաղաքապետի թեկնածու Գնել Խչեյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե իրեն հետաքրքիր չէ՝ քրեական գործ հարուցված է, թե ոչ: Այդ օրն արձանագրված խախտումների մասին նա ևս չցանկացավ խոսել: Թերևս հույսեր չունի, որ քրգործը կարող է ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալ։
Սակայն փաստն այն է, որ այդ ընտրությունների շուրջ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Թերևս կբացվեն քվեատուփերում եղած քվեաթերթիկների զմուրսները, ընտրացուցակները կստուգվեն։ Իսկ թե ինչ կբացահայտվի, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում ուշագրավ իրողություն է, որ ընտրություններից 2 ամիս անց արդյունքները չեղարկելու փորձ է արվում ընտրությունների միջոցով։