ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ 3 ՈՒՂԻ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հայտնի հանցախմբի գործով շուրջ 1 տարի է՝ կալանքի տակ է գտնվում, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից՝ ԱԱԾ մեկուսարանից, դարձյալ բաց նամակ է գրել՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Շիրխանյանը թեեւ կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ ունի, սակայն բանտում շարունակում են չնկատելու տալ դրանք՝ նախկին փոխվարչապետին պահելով կալանքի տակ:

Վահան Շիրխանյանը կալանավայրից մի անգամ արդեն բաց նամակ ուղարկել էր՝ ուղղված Սերժ Սարգսյանին. այս տարվա նոյեմբերի 18-ին: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ Շիրխանյանից հերթական նամակը, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Շարունակենք «մեր» միակողմանի երկխոսությունը, Սե՛րժ: Այո՛, դու երբեք չես ունեցել եւ չես էլ ցանկացել ունենալ երկրի եւ ժողովրդի հոգսերը լուծող «կախարդական» փայտիկը, որովհետեւ դու պատկերացում չես ունեցել այդ հոգսերի, խնդիրների, առավել եւս դրանց լուծումների մասին: Քո միակ ձգտումը եղել է հասնել ավելի շատ փող աշխատելու հնարավորություն տվող աթոռի: Իսկ դա պարզապես ժխտում է երկրին եւ ազգին ծառայելու ուղին: Դու դարձար աթոռի եւ փողի փորձությանը չդիմանալու դասական օրինակ, քանզի 90-92-ին դու այդպիսին չէիր:
Եթե դու լինեիր մի պահակապետ, կամ դռնապահ, քո վնասների վերականգնելը հնարավոր կլիներ: Բայց պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի նախարարների պաշտոնները քեզ վստահելը ավետեց Հայաստանի եւ Արցախի քայքայման սկիզբը:
99-ից Վազգենն ասում էր. «Ջուրն է պղտորվել, պետք է փոխեք»: Այդ ջուրը դու ես պղտորել, Հայաստան տեղափոխվելու 1-ին օրվանից (աշուն, 93) այսօր այն դարձել է նեխած, գարշահոտ ճահիճ՝ լցված դավաճանության, երդմնակալության, ստորաքարշության, թալանի, կեղծիքի, ստի եւ թշնամության թնջուկներով: Այս բոլորը քոնն են, Սե՛րժ: Այդ ճահիճը իր մեջ է ներառել նաեւ կրթությունը, առողջապահությունը, գիտությունը, եկեղեցին ու քաղաքական դաշտը: Այդ ճահիճն է քո իշխանության հիմքը: Ինչպես ամեն մի իշխանություն, այնպես էլ սա ունի կայունության ապահովման պահանջ: Դու հրաշալի կիրառեցիր «բաժանիր, որ տիրես», քո հակամարդկային հայտնի բանաձեւը: Դու կարողացար ժողովրդին դարձնել ոստիկանության, ԱԱԾ-ի, դատաիրավական ողջ համակարգի թշնամի, բնականաբար վերջիններիս էլ դարձրել ես ժողովրդի թշնամի՝ մղելով նրանց ապօրինի, անարդար, բռնի գործողությունների ժողովրդի դեմ: Սա նեխած ճահիճը կայուն պահելու գործիքներից մեկն է: Երկրորդը քո տաղանդաշատ աշակերտ Տիկոյի հնարած «ֆինանսա-բանկա-լոմբարդա-գանձարան» մոլուցքն է: Այս մուտանտը բազմաֆունկցիոնալ է: Նա ունի գանձարանը թալանով լցնելու, ժողովուրդ-վարկառուին կեղեքելու, ունեզրկելու, արտագաղթի մղելու խնդիր: Հիշեցնեմ՝ 95-ին դու կամավոր քո վրա ես վերցրել արտագաղթի վերահսկման խնդիրը եւ 21 տարում այն դարձրել ոչ միայն վերահսկելի, այլեւ լիովին օգտագործել որպես ձրի քվեներ ընտրություններում: 1,5 մլն մարդ քո խղճի վրա է, Սե՛րժ: Իսկ այդ կարեւորագույն ռեսուրսի անընդհատությունը ապահովելու գործում դու անմրցակից ես:
Հայաստանի պետականաշինության պատմության մեջ դու մնալու ես որպես ամենաչկայացած նախարարը, վարչապետը, նախագահը եւ կուսակցապետը: Հիշվելու ես նաեւ որպես անգերազանցելի՝ երկրին եւ ժողովրդին հասցրած վնասի չափով: Սե՛րժ, պատկերացրու, որ մտնում ես Եռաբլուր եւ թեքվում դեպի Սպարապետը, եւ հանկարծ կենդանանում են ձախ թեւում հանգչող հսկաները՝ Վահանը Զատիկյան, Վահրամը Խորխոռունի, Մոնթեն, Աշոտը Նավասարդյան, Սմբատը Այվազյան: Քեզնից ի՞նչ կմնա մինչեւ Սպարապետին հասնելը: Դա է պատճառը, որ դու ատում ու սարսափում ես Եռաբլուրից: Ամեն ինչ անում ես՝ ազատամարտիկների մնացորդներից օր առաջ ազատվելու համար: Բայց ինչքան էլ որ մաշված, տանջված, ծերացած լինեն, նրանք ոգեղեն են եւ քեզ կանչելու են պատասխան տալու: Եվ հետու դու այնքան ես տարվել քո խաղերով ու չես նկատել հիանալի նոր սերնդի կայացումը, որի մոտ ոչ մի ներողամտություն քո նկատմամբ (ինչպես իմ եւ ընկերներիս մոտ) չկա: Այո՛, քո համար փողը եւ Աթոռը վեր են հայրենիքից, արդարությունից եւ ճշմարտությունից: Մեղավորը ոչ այնքան դու ես, որքան քո պահապան հրեշավոր աստղը: Նա գնում է քո առջեւից եւ ճանապարհը մաքրում բոլոր խոչընդոտներից: Օրինաչափության հասնող «պատահականորեն» հանկարծամահ են լինում քեզ չընդունող կուսակցապետեր, դաժանաբար սպանվում են պետական եւ ազգային գործիչներ: Մյուսների համար այդ հրեշավոր պահապան աստղը լայնորեն բացել է այստեղից մինչեւ Մոսկվա բոլոր բանտերի դռները եւ օր ու գիշեր դրանք լցնում է Հայաստանի եւ Արցախի հավատարիմ, ազնիվ, արդարություն որոնող հայերով: Սե՛րժ, դու Հայաստանը դարձրել ես աղետի գոտի, բառացիորեն: Դու դատարկել ու ավերել ես 400 գյուղ եւ 21 քաղաք (հավաքականորեն): Հերիք է, Սե՛րժ: Ես շատ լուրջ առաջարկ եմ անում՝ դու պետք է կալանավորվես եւ գաս այստեղ: Քո զնդանից ես եւ դու կհետեւենք, թե ինչպես է Հայաստանը ավերակներից հառնելու, վերածնվելու, լցվելու, կորցրած արժանապատվությունը վերագտնելու: Հանուն սրա ես պատրաստ եմ, ոչ մի մեղք չունենալով, կիսել քեզ լիովին հասնող ցմահ բանտարկումը քո հետ: Որովհետեւ քանի դու դրսում ես, 100 Կարեն լինի, ոչնչի չես հասնի: Դու խանգարելու, խոչընդոտելու, ոչնչացնելու ես նրանց: Իսկ քո այստեղ գալով արագորեն կանհետանան քո պոչից կպած, հարյուրավոր սապոնը գրպանում վազվզող, կոռուպցիայի պահապան խորհրդամարդիկ: Լեփ-լեցուն բանտերը կդատարկվեն անմեղ, տարբեր աստիճանի տականքների պատվերներով փակված հազարավոր հայերից, բյուջեն կազատվի բազմամիլիարդանոց ծախսերից: Ու այդ ամբողջը մեկ մարդու կալանավորման օգուտն է: Ափսոս, որ չես համաձայնի: Այդ դեպքում ստիպված կլինես ընտրել հետեւյալ 3 ճանապարհներից մեկը՝
1. կալանավորում ես հանրության կողմից բազում հանցագործություններում մեղադրվող մերձավորներիդ, նախորդ 2 վարչապետերին եւ ինչ-որ ժամանակով շարունակում «աշխատել»:
2. Հավաքում ես բոլորին եւ արտագաղթում:
3. Շարունակում ես սեւ գործդ եւ սրտատրոփ սպասում հաջորդ զինյալ խմբին, որ կհաջողի: Ընտրությունը քոնն է:
Ամենացավալին այն է, որ քո ուղեղը անզոր է ընկալել, հասկանալ քո հասցրած վնասի չափը: Չեմ ուզում նույնիսկ ենթադրել, որ դու այդ ավերածությունները կատարել ես պատվերով կամ կամավոր ստանձնած պարտավորությամբ: Ուզում եմ հարցնել՝ քո ինչի՞ն էր պետք 97-ին Վազգենին համոզել, որ Ջավախքի հետ աշխատանքը ինձանից քեզ փոխանցվի: Խղճի խայթ կամ ամոթի զգացում ունես կատարածդ Ջավախքյան «աշխատանքիդ» համար, Սե՛րժ: Արիության եւ վախկոտության, մեծահոգության եւ փոքրոգության չափումներն անսահմանության մեջ են: Բայց քո փոքրոգությունը չի տեղավորվում նույնիսկ անսահմանության մեջ: Ինքդ կարող ես փակել Շիրխանյանի տեսակցությունների, զանգի իրավունքը, մերժել Շիրխանյանին Վազգենի ծննդյան, մահվան եւ բանակի հիմնադրման օրերին Եռաբլուր տանելու խնդրանքը…
Դու հասել ես մի վիճակի, երբ ժողովուրդը պարգեւատրումներդ ընկալում է որպես տվյալ ազգի վարկաբեկում, փչացում, իսկ պատիժներդ՝ մեծարում:
Դու նաեւ չկայացած բանասեր ես, չէ՞: Ուրեմն պետք է կարդաս Մեծն Սեւակի «Իրերի դատն ու դատաստանը» բանաստեղծությունը, ուղեղիդ ստիպես այն հասկանալ եւ պատասխանել՝ ինչքանո՞վ է այն քո մասին հատկապես դատավճռի 3-րդ կետը: Սե՛րժ, քո աշխարհընկալումը սկսվում եւ վերջանում է Առ եւ Տուրի դաշտում: Ընդ որում, առջեւում ես դու, քո փոխարեն վճարում է ուրիշը: Գիտեմ, որ 10 տարուց ավել աշխատել ես առեւտրային մեծագույն աֆյորայիդ՝ Սահմանի եւ հողերի վաճառքի վրա: Մի՛ արա դա: Կոկորդիդ է մնալու եւ խեղդելու է քեզ: Այն, որ «ձեռի հետ» վերջնականապես կործանվելու է Հայաստանը եւ Արցախը, քեզ չի հետաքրքրում:
Եվս մեկ անգամ ասեմ, որ իմանաս՝ Սահմանը բացվելու է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումից եւ վնասների հատուցումից հետ:
Արցախը Ադրբեջանին տալու հող չունի, Ադրբեջանից ստանալու հող ունի:
Ինչ վերաբերվում է ինձ: Քո անձնական զնդանում ես կորցրել եմ քայլելու, առավել եւս վազելու, թոռնիկիս գրկած ման տալու կարողությունը: «Ձեռք եմ բերել» հիվանդություններ, որոնց մասին 11 ամիս առաջ չէի լսել: Ոչինչ, Մարդը մի օր ծնվում է, մի օր մեռնում: Կանոն է նաեւ քո համար:
Դու մի քննիչ ունես, մերօրյա Մաշտոց, ոչ պակաս, ոչ ավել: Նայում է երկնքին, հետո պատին ծեփած քո նկարին ու հոդված հնարում, նորից է նայում երկնքին, պատին ծեփած քո նկարին ու հոդված հնարում, հետո նորից…: Արդեն 35 տարվա ազատազրկումը ապահովել է: Բայց այդ բոլոր հոդվածները կարծես քո հագով են հնարած ու ինձ հետ ոչ մի առնչություն չունեն: Երեւի պատին ծեփած նկարդ է ոգեշնչել:
Անսահման ցինիզմը քո մեջ ոչնչացրել է խղճի եւ ամոթի վերջին փշրանքները, զրկել է տեսնելու, լսելու, հասկանալու ունակությունից: Դրա անհերքելի ապացույցը քո «հանճարեղ» զեկույցն էր ՀՀԿ «համագումարում», որտեղ ստերի շարանը արտասանում էիր մեծագույն հաճույքով՝ չմտահոգվելով նույնիսկ, որ ծաղրուծանակի առարկա ես դառնում:
Ղեկավարը պարտավոր է ժողովրդին տալ անվտանգություն, ազատություն եւ արդարություն: Ի՞նչ ես տվել դու: Այս մասին ավելի մանրամասնորեն՝ հետո: Այո՛, դու Հայաստանի եւ Արցախի գոյության գլխավոր սպառնալիքն ես: Իսկ քո գոյության սպառնալիքները քեզ քաջ հայտնի են: Դա արդարության վերականգնումն է եւ միասնական հայության կայացումը: Չէ՞ որ ես քո զնդանում եմ, որպեսզի կարողանայիր կանխել կայացումը, որը միավորելու էր 20 հազարից ավելի սպաների, այդ թվում՝ Սպարապետի հետ երկար ճանապարհ անցած բազում գեներալներ:
Ուրեմն, դու այս ժողովրդի ինչի՞ն ես պետք»:

 

 

 
ՉԱՐԱԶԻ ԱՆՀԻՄՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ

Չնայած Ամանորին դեռ 10 օր կա, բայց չարազեղենի շուկայում արդեն նկատվում է գների բարձրացում: Պետական կառույցների կողմից ոչինչ չի արվում գնաճը զսպելու ուղղությամբ:

Օրինակ՝ հնդկական ընկույզի մեկ կիլոգրամը այսօր վաճառվում է 10-11 հազար դրամով: Իսկ պնդուկի մեկ կիլոգրամը վաճառվում է 5-6 հազար դրամով, գետնանուշինը (ֆիստաշկա)՝ 2000 դրամով, չամիչի գները տատանվում է 2000-2500 դրամի սահմաններում, իսկ չորացրած մրգերի գների մասին ավելորդ է անգամ խոսել. դրանց գները սկսվում են 5000 դրամից: Չի բացառվում, որ այս գները մինչեւ Ամանոր կրկին բարձրանան: Եւ չնայած սրան՝ ո՛չ էկոնոմիկայի նախարարության, ո՛չ կառավարության եւ ո՛չ էլ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից վերահսկողություն չի իրականացվում այս շուկայում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց կառավարություն՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, որտեղից ուղղորդեցին դիմել ՏՄՊՊՀ, քանի որ անհիմն թանկացումները ՏՄՊՊՀ-ի գործառույթների շրջանակներում են:
«Ժողովուրդ»-ը դիմեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: «Տեղեկացնեմ նաեւ, որ օրենքով ՀՀ ՏՄՊՊՀ-ին տրված լիազորությունների եւ իրավասությունների շրջանակում հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում բացառապես գերիշխող, կամ այլ կերպ ասած՝ բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներում, որտեղ խոշոր մասնաբաժին ունեցող տնտեսվարողների վարքագիծը կարող է ազդել շուկայի ընդհանուր իրավիճակի վրա: Իսկ ընդեղենն այդ շուկաների թվին չի պատկանում: Հետեւաբար այս ապրանքատեսակի գծով առկա է բարձր մրցակցություն, եւ մանրածախ վաճառքի գները ձեւավորվում են շուկայական մեխանիզմների՝ առաջարկի եւ պահանջարկի հիման վրա»,- հայտնեց մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
Ստացվում է, որ մեր երկրում նախատոնական օրերին անհիմն թանկացումներն անխուսափելի են, եւ գնաճը զսպելու փոխարեն գործադիրը մեկը մյուսի վրա է գցում պատասխանատվությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս