2016թ. Ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողույթունների հետևանքով ժամկետային զինծառայող Կառլեն Սեդրակյանը ստացել էր ոտքի վնասվածք: Վերջինս հաշմանդամության կարգ չունի:
ArmLur.am-ի հետ զրույցում Կառլեն Սեդրակյանը պատմեց, որ այս պահին նրանք գտնվում են ոչ բարվոք վիճակում. «Ծառայել եմ Մատաղիսիում: Ոտքից վիրավորվել եմ ապրիլի 2-ին՝ ժամը 12-ին պոլկում: Կապը կտրվել էր, դուրս եկանք սարքելու, գրադով խփեցին պոլկին, վիրավորվեցի: Հետո տարան Մարտակերտ, Խոջալու, հետո բերեցին Սիսիան, որտեղ ես վիրահատվեցի, այնուհետև բերեցին Երևան»:
Կառլեն Սեդրակյանը մոտ մեկ ամիս բուժումը շարունակել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որից հետո չորս ամիս բուժումը շարունակել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում.«Պաշտպանության նախարարությունը մի անգամ 2 հարյուր հազար դրամ է տվել»:
Հարցին՝ ինչն է եղել պատճառը, որ հաշմանդամության կարգ չի ստացել, նա պատասխանեց, որ դիմել է, սակայն մերժում է ստացել. «Սոցապից ասեցին, որ բժիշկը թեթև ա գրել, կարգ չի հասնում: Բժիշկը գրել է, որ մի ամսից պետք ա ոտքս լավանա, բայց էս 4-5 ամիս ա չի լավացել»:
Զինվորի ծնողներն աշխատանք չունեն, ստիպված գյուղատնտեսությամբ են զբաղվում: Երեք միլիոնի վարկ ունեն:
Հավելենք, որ Սեդրակյանների ընտանիքը բնակվում է կիսասարք սեփական տան մի հատվածում:
Լիդա Եղիազարյան