«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե կուսակցությունը դեռ չի որոշել` ով է լինելու համամասնական ցուցակի առաջին համարը: «Դեռ չենք քննարկել ցուցակի հետ կապված հարցեր՝ ով է լինելու, ով չի լինելու, ով է լինելու առաջին համարը, կքննարկենք խորհրդի նիստից հետո»,- ասել է նա:
Ուշագրավն այն է, որ ՀՀԿ համագումարից հետո՝ դեկտեմբերին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, թե ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը: Այնինչ հիմա՝ մեկ ամիս անց, կուսակցության ներսում իրավիճակ է փոխվել: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ խիստ նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ ցուցակի` Սերժ Սարգսյանից հետո առաջին ցանկալի եռյակը կլինի այսպիսի դասավորվածությամբ՝ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան եւ ՀՀ ԱՆ Արփինե Հովհաննիսյան: ՀՀԿ-ում այս որոշման են հանգել այն պատճառով, որ ներքին օգտագործման համար անցկացված սոցհարցումներից պարզ է դարձել՝ այսօր Հայաստանում Հանրապետականը հազիվ 20 տոկոս ձայն ունի, ու հիմա փորձում են այսպես իրենց դեմքը փրկել:
Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա թեեւ նրան կառավարության ղեկավար նշանակեցին իշխանությունների հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխելու եւ փոփոխությունների տպավորություն ստեղծելու նպատակով, սակայն նույն ՀՀԿ-ում նրա դեմ ակնհայտ արշավ է սկսվել. վարչապետի դեմ աշխատում են մի կողմից ՀՀԿ հնաբնակները, մյուս կողմից` Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի թիմը, որն իր լրատվամիջոցներում բացահայտ ծաղրում է, անթաքույց քննադատում է նրան: Իսկ այս ամենն արվում է իր վարկանիշով խիստ ոգեւորված վարչապետին «օդերից իջեցնելու» համար, որպեսզի Կարապետյանը դառնա խոցելի եւ ներիշխանական պայմանավորվածությունների ու «ռազբորկաների» ժամանակ չունենա նոր պահանջներ ներկայացնելու «բարոյական իրավունք»»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: