«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սկսել է բացահայտ միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Նա հունվարի 28-ին Եռաբլուրում հայտարարել է. «Կոչ կանեի բոլորին, վերաբերում է նաեւ ցանկացած երեկվա պետական պաշտոնյայի, հանգիստ, համեստ գնան ընտրության, որեւէ ինտրիգներ չստեղծեն: Նրանք, ովքեր ներքաղաքական լարվածություն կստեղծեն, ես անձամբ` որպես ԼՂՀ, որպես ՀՀ քաղաքացի, պատրաստ եմ նրանց դեմ պայքարելու»: Ուշադրություն դարձրեք` ԼՂՀ ԱԽՔ պաշտոնը զբաղեցնող Վ. Բալասանյանը սպառնում է հայաստանյան քաղաքական գործիչներին: Իհարկե, Արցախից նման միջամտություն էլի է եղել՝ 2008-ի մարտյան արյունալի օրերին, երբ 10 զոհի գնով ղարաբաղյան կլանի իշխանության շարունակականությունը ապահովվեց: Ու թվում էր, թե 10 զոհերի, մի քանի տասնյակ վիրավորների ու մի քանի հարյուր քաղբանտարկյալների գոյությունը սթափեցրել էր նրանց: Բայց ոչ: Այսօր, ըստ էության, Վ. Բալասանյանն իրեն հռչակել է Սերժ Սարգսյանի իշխանության երաշխավոր ու պահապան: Ընդ որում, նա այս դերում հանդես է գալիս արդեն 2-րդ անգամ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսյան արյունալի իրադարձությունների ժամանակ, երբ «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գունդը, Բալասանյանը, օգտագործելով իր բարի համբավը, միջնորդի դեր ստանձնեց` փորձելով թոթափել լարվածությունը: Բայց իրականում, փաստորեն, գերխնդիր էր դրել ամեն ինչ անել, որպեսզի խմբավորման անդամները վայր դնեն զենքերը, հանձնվեն, որի արդյունքում ինքը մեդալ ու պաշտոն ստացավ` մոռանալով իր նախկին մարտական ընկերներին, նրանց տված մեղմ պատժի ու արժանապատիվ բանտարկության խոստումները: Վ. Բալասանյանի այս արարքը շատ վտանգավոր է, նա իր գործողություններով փորձում է ապահովել ղարաբաղյան կլանի անվտանգությունը` սեպ խրելով ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ:
Ի դեպ, եթե Վ. Բալասանյանի այսօրվա տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, պետք է ասել, որ 2012թ. էլ հենց ինքն էր Արցախի ներքաղաքական կյանքում լարվածություն մտցնում` ԼՂՀ նախագահական ընտրություններում հանդես գալով որպես ընդդիմադիր թեկնածու: Հետաքրքիր է՝ այն ժամանակ է՞լ էր այսպես մտածում, թե ԼՂՀ ԱԽՔ պաշտոնի ստանձնումից հետո փոխեց մտածելակերպը»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: