«ԵԹԵ ՊԵՉԱՏԵԼՈՎ Է, ԹԱԼԵԱԹԻՆ ԷԼ ԲԵՐԵՆՔ, ԱՆՑԿԱՑՆԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական կուսակցությունները փորձում են իրենց շուրջը համախմբել անգամ նրանց, ովքեր այս տարիների ընթացքում նեղացել են իրենցից, բայց կարող են ընտրություններին ձայներ բերել: «Ժողովուրդ» օրաթերթը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք նա մտադրություն ունի խորհրդարանական ընտրություններին մասնակցել եւ ընդհանրապես որեւէ կուսակցության պատրաստվո՞ւմ է սատարել:

-Պարո՛ն Ղուկասյան, քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են ընթանում, նոր դաշինքներ են ձեւավորվում: Դուք, որպես լայն հնարավորություններ ունեցող անձնավորություն, ո՞ւմ եք սատարելու այս ընտրություններին:
-Չգիտեմ դեռ:
-Բայց գրեթե երկու ամիս է մնացել ընտրություններին, մի՞թե դեռ չեք կողմնորոշվել:
-Ո՛չ, չեմ կողմնորոշվել:
-Չնայած բազմիցս բարձրաձայնվել է, որ այլեւս ՀՀԿ-ին չեք սատարում, քանի որ դեռեւս 2012 թվականին՝ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, կուսակցությունը սատարեց այլ թեկնածուի, այնուամենայնիվ, հնարավո՞ր է՝ այս ընտրություններին միանաք ՀՀԿ-ին:
-Չեմ կարող պատասխանել այդ հարցին:
-Շուրջ չորս տարի առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ Ձեր բնավորությամբ կուսակցական չեք, այլ հոգեւոր եք եւ մի քիչ հոգնել եք, ուզում եք քաղաքականությունից հանգստանալ: «Հետագան նաեւ ցույց կտա՝ արդյո՞ք կմնամ որպես շարքային կուսակցական, թե՞ ոչ»: Արդյո՞ք այժմ բավականաչափ չեք հանգստացել եւ մտադիր չեք ակտիվ քաղաքականություն վերադառնալ:
-Չեմ կարող ասել:
-Մեծ շրջապատ ունեք, մեծ է նաեւ Ձեր գերդաստանը: Հնարավո՞ր է՝ Ձեր ազգականներից որեւէ մեկը առաջադրվի:
-Չեմ կարող ասել:
-Բոլոր հարցերին նույն պատասխանն եք տալիս` «չեմ կարող ասել», «չեմ կողմնորոշվել»: Հիմա Ձեզ համար որեւէ բան հստակեցվա՞ծ չէ, չե՞ք մտածել որեւէ կոնկրետ հարցի ուղղությամբ:
-Այո՛, որովհետեւ քաղաքական դաշտն այնքան է պոռնիկացել, որ միայն մի բան պիտի ասես՝ չգիտեմ, չեմ լսել, տեղյակ չեմ:
-Լուրեր են շրջանառվում, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին եւս առաջադրվելու է:
-Ո՞վ է դա, չեմ ճանաչում:
-Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին Խաչատուր Բալասանյանն է: ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող քաղաքապետի որդին, ով Գյումրիում ղեկավարում է «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը, մեզ հասած տեղեկություններով՝ սկսել է քաղաքացիների անձնագրային տվյալները հավաքագրել: Ի դեպ, մասնագիտությամբ էլ դիվանագետ է, կրթվել է Չինաստանում:
-Ո՞վ է ճանաչում, ո՞վ է ճանաչում, ո՞ւմ գիտեն: Էդ ազգանունն էլ մենք չգիտենք, Գյումրիից չեն դրանք: Ո՞վ է ճանաչում: Մարդ կա, որ ճանաչում է: Եթե պիտի գրեն, պեչատեն, ուրիշ բան, ընտրությունից շատ հեռու է էդ ազգանունը: Եթե պեչատելով է, Թալեաթին էլ բերենք, անցկացնենք, իսկ եթե ընտրություններով է, դրանց էստեղ չեն ճանաչում:
-Իսկ ո՞ւմ են Գյումրիում ճանաչում, ըստ Ձեզ՝ գյումրեցին ո՞ւմ է նախընտրում, ո՞ւմ շատ ձայն կտա:
-Էդ պիտի ժողովրդին հարցնես:
-Մարտուն Գրիգորյան, Ֆելիքս Ցոլակյան. նաեւ նրանց անուններն են շրջանառվում որպես ՀՀԿ-ի կողմից ռեյտինագյին ցուցակով առաջադրվողների…
-Դու պետք է ժողովրդին հարցնես, ժողովուրդը կասի: Ես հըլը տեղյակ չեմ: Ես հըլը չեմ հետաքրքրվել, չգիտեմ:
-Իսկ ե՞րբ, ի վերջո, կկարողանաք հստակեցումներ անել:
-Երբ տեղյակ եղա, հարցրիր՝ կպատասխանեմ: Հիմա տեղյակ չեմ, չեմ հետաքրքրվում, ինձ հետաքրքիր չէ:

 

 

 
«ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԱՏ ԿԱՆ ՈՒ ՇԱՏ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ»

«ԱԻՄ-ը իր ղեկավար մարմնի՝ ներկայացուցչական խորհրդի քվեարկությամբ (19 կողմ, 2 դեմ) միանում է Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան եւ Վարդան Օսկանյան գործիչների անունով հանրությանը հայտնի նախընտրական համագործակցությանը»,- այս մասին նախօրեին հայտարարել էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Չնայած այդ հայտարարությանը՝ ArmLur.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նշել էր, որ դա այն դաշինքը չէ, որ իրենք էին կամենում: «Խորհուրդն ասում էր՝ սա այն դաշինքը չէր, որ երազում էինք, սպասենք եւ միասին դաշինք ստեղծենք: Սակայն սպասելու ժամանակ չկա, նույնիսկ հիմա մենք պետք է սովորականից ավելի արագ աշխատենք»,-նշել էր Հայրիկյանը:
Հետաքրքիր է, թե ինչպես է իր հակառուսական դիրքորոշումներով հայտնի Հայրիկյանը որոշել միանալ մի դաշինքի, որի կազմում կան բացահայտորեն ռուսամետ գործիչներ:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԻՄ ղեկավարից փորձեց պարզել՝ ինչպես է պատկերացնում իր համագործակցությունը դաշինքի ռուսամետ առաջնորդների հետ:
«Տարաձայնություններ շատ կան ու շատ կարող են լինել, բայց դրանք բոլորը տասներորդական են: Նախ Ռուսաստանին դեմ լինելը, այո՛, դուք էլ եք դեմ, նրանք էլ են դեմ, ով է ասում, որ Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունների կողմնակիցը կողմ է, որ Ռուսաստանը Հայաստանում գազը երկու անգամ ավելի թանկ վճարի, քան Ուկրաինայում: Հիմա դրա մասին խոսող Արամ Սարգսյանը կարո՞ղ է իրեն համարել հակառուս, ո՛չ, ինքը Ռուսաստանի քաղաքականության տվյալ փուլն է, տվյալ դրսեւորումն է բացասական համարում, նույնը վերաբերում է ինձ»,- նշեց Հայրիկյանը: Վերջինս կարեւորը համարում է այն փաստաթուղթը, որը ստորագրվել է կուսակցությունների կողմից.«Ազատվել ռեժիմից, մեր տարբերակով իշխանությունը վերադարձնել ժողովրդին, որի հետ իրենք բոլորը համաձայն են, այստեղ առաջնային հարց է դառնում ժողովրդավարությունը: Որեւէ մեկն այսօր իր դրոշը չի դարձրել դեպի Ռուսաստան կամ դեպի Եվրոպա: Ես մի բան գիտեմ, թող դա դավադրություն չհամարվի, ես գիտեմ, որ ժողովրդավարությունը քաղաքակրթական արժեք է: Եւ բոլոր նրանք, ովքեր կասեն՝ մենք ժողովրդավարությանը կողմ ենք, իրենք կողմ են եվրոպական արժեքային համակարգին, ինչպես Եվրոպական խորհրդի կազմի մեջ մտնող Ռուսաստանը կողմ է եվրոպական այդ արժեքներին: Այսինքն՝ այստեղ հակասություն չկա, մենք ուզում ենք, որ այդ արժեքները դառնան մեր առօրյա կյանքի անբաժանելի մասը, որից կօգտվեն բոլորը՝ ե՛ւ ռուսամետները, եթե կան, ե՛ւ թուրքամետները, եթե կան, բայց կօգտվեն օրենքի ընձեռած ազատությունների շրջանակներում»,- ներկայացրեց ԱԻՄ առաջնորդը:
Նա նաեւ նկատեց, որ բոլոր տարաձայնությունները տեղափոխում է այլ միջավայր, այլ փուլի համար.«Այնպես որ, ես կարծում եմ, որ դաշինքի իմաստն այն է, որ տարաձայնությունները հաղթահարել կարողանալով՝ համախմբվենք ընդհանրականի, միասնականի շուրջ»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՍՈՎՈՐ ՉԷ
Չնայած հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը սահմանադրական փոփոխությունների եւ, ընդհանրապես, խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցներից մեկն է եղել, սակայն հիմա, երբ Հայաստանն անցել է պետական կառավարման այդ ձեւին, չի պատրաստվում մասնակցել գալիք ԱԺ ընտրություններին: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վազգեն Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, արդյո՞ք ԱԺՄ-ն պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
-Դե՛, եթե մասնակցեինք, պետք է միայնակ մասնակցեինք, բայց համապատասխան ո՛չ ֆինանսական եւ ո՛չ էլ մարդկային ռեսուրս չունենք:
-Հնարավո՞ր է, որ Դուք ՀՀԿ-ի ցուցակում լինեք:
-Չէ՛, ոչ մի ցուցակում էլ չեմ լինելու: Եթե ԱԺՄ-ն չի մասնակցում, չեմ լինելու:
-Իսկ ինչո՞ւ:
-Ես սովոր չեմ ուրիշի ցուցակներում լինել: Մի անգամ եղել եմ ընդհանուր ցուցակում, երբ մեծ դաշինքով էինք գնում, բայց դա պատահական մի երեւույթ էր (նկատի ունի 2004թ. ԱԺ ընտրություններում Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարարություն» դաշինքը,-հեղ.): Մենք ԱԺՄ-ով մեր ուրույն մտածելակերպը, գաղափարներն ու սկզբունքներն ունենք: Միշտ աշխատում ենք ընտրություններին գնալ միայնակ, որովհետեւ չենք տեսնում դաշինք, որի հետ կարելի է աշխատել, քանի որ բոլոր դաշինքներում հավաքված են այնքան տարբեր գաղափարներ ունեցող մարդիկ, որ զարմանում ես, թե ո՞նց են միասին գնալու:
-Ըստ Ձեզ՝ այդ փոփոխությունները խորհրդարանական ընտրությունների վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ:
-Խորհրդարանական ընտրություններն ավելի են կարեւորվում, իսկ ինչ վերաբերում է օրենքներին, ապա այս ընդդիմություն-իշխանություն բանակցությունները, ինձ թվում է, բավականին դրական արդյունքի են բերել: Այսպես ավելի դժվար է կեղծել ընտրությունները, քան նախորդ ժամանակաշրջաններում:

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում կադրային փոփոխություններ են սպասվում. չի բացառվում, որ «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը պաշտոն ստանա ԱՆ ՔԿՀ վարչությունում, իսկ «Արմավիր» ՔԿՀ պետ նշանակվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Արսեն Աֆրիկյանը, որը, ըստ լուրերի, համարվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանի մտերիմը: Կադրային այս փոփոխությունների մասին քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն օրերս անդրադարձավ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելու կամ վերափոխելու հեռանկարին: Ի դեպ, հիշեցնենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում սկանդալ էր բացահայտվել, երբ դատապարտյալներին մարմնավաճառներ էին «մատակարարել»: Ու հիմա հետաքրքիր է՝ երբ Աֆրիկյանը նշանակվի «Արմավիր» ՔԿՀ պետ, արդյո՞ք կկարողանա պահպանել այդ ՔԿՀ-ում հաստատված խիստ կարգուկանոնը, թե նույն բարձիթողի վիճակը կլինի նաեւ այնտեղ:




Լրահոս