Արցախի հանրապետության սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի մեկնարկի և այլնի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ:
–Պարո՛ն Հյուսնունց, մեկնարկել է Արցախի հանրապետության սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը: Կնշեք` ի՞նչ փուլում է այն գտնվում և ինչպե՞ս է ընթանում:
-Խորհրդարանական ուժերից երկուսը՝ «Ազատ hայրենիք» և «Արցախի ժողովրդավարական» կուսակցություններն իրականացնում են քարոզարշավ և այսօրվա ժամանակացույցով` շրջաններով, գյուղերով մեր կուսակցության ղեկավար Արա Հարությունյանը և Աշոտ Ղուլյանը իրականացնում են քարոզարշավ: Իսկ մյուս երեք ուժերը նույնպես իրենց քարոզչական մեքենան աշխատացնում են:
Ընդամենը երկու դիտարկում անեմ՝ ինչու ենք մենք կողմ սահմանադրության փոփոխությանը, որովհետև ապրիլյան դեպքերից հետո մեր առօրյա կյանքում, ներքին և արտաքին քաղաքականության մեջ նոր իրողություններ փոխվեցին:
Այս տարիների ընթացքում ի՞նչ կատարվեց: Ադրբեջանը Ղարաբաղ անունը կարողացավ լուրջ շրջանառության մեջ դնել միջազգային հարթակում, տարբեր հասարակական հնչեղություն ունեցող կենտրոններում, կարծես փորձելով ցույց տալ, որ մենք ճանաչելիության խնդիր ունենք, իսկ իրենք ո՛չ: Նոր սահմանադրությունով ցանկացած քաղաքական որոշում `դա լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, պետք է առաջարկվեն Արցախի ժողովրդի կողմից, սա կարևորագույն փաստարկ է:
-Արդյո՞ք սահմանադրական փոփոխությունները արդյունավետ կլինեն:
-Մենք այսօր ունենք արտաքին լուրջ մարտահրավերներ, իրողություններ, մեր դիվանագիտական ջանքերը ավելի թույլ են և մենք գրեթե հաջողություններ չենք արձանագրել այդ ոլորտում: Այսօր, եթե մեր հիմնահարցը ճիշտ ճանապարով չենք տանում, ինչքան տնտեսական աճ լինի, մշակութային և այլ բնագավառներում հաջողություններ ունենանք, անիմաստ է: Դրա համար այս ճանապարհով գնացինք և կարծում եմ, որ մեր ժողովուրդն իմաստուն է և այս սահմանադրությանը պետք է այո ասի:
Վահագն Հակոբյան